Մատչելի հղումներ

Հաջորդ նախագահի առաջնային պարտականությունը պիտի լինի խորը բաժանումը վերացնելը


Միացյալ Նահանգները մեկ հզոր պետություն է, սակայն, երբ գործը հասնում է ընտրություններին, առաջ է գալիս տպավորություն, որ մարդիկ այստեղ ապրում են երկու տարբեր իրականություններում:

Բայդընին աջակիցներն ասում են, որ իրենք այլեւս չեն ճանաչում Ամերիկան: ‘’Կարծում ենք, որ Թրամփն է դրա մեղավորը’’, ասում են նրանք:

Թրամփի աջակիցներից շատերն էլ ասում են, թե Թրամփն էր, որը վերականգնեց երկրի տնտեսությունը: ‘’Դրամական շուկայում նկատելիորեն են աճել մեր ներդրումները, այսօր ավելի մեծ եկամուտ ենք ստանում’’, ասում են նրանք:

Երկու տեսակետ, որոնք լիովին արտացոլում են այստեղ առկա բաժանումը:

Ինչպես Կալիֆորնիայի տեխնոլոգիաների հաստատության քաղաքական գիտնական Մայքըլ Ալվարեզն է ասում, ‘’Ամերիկայում մարդիկ բաժանված են կուսակցական եւ գաղափարախոսական սահմաններով: Մենք բաժանված ենք սոցիալական ու տնտեսական հարցերով’’:

Ինչ վերաբերում է ընտրությունների ընթացքին, պետք է հիշեցնել, որ Բայդընի ընտրարշավը հիմնականում կենտրոնանում էր կորոնավիրուսի համաճարակի հարցում Թրամփի վարած, իրենց խոսքերով ասած, սխալ քաղաքականության վրա: Սակայն քվեների միայն չնչին տարբերությունն այսօր ցույց է տալիս, որ Բայդընի թիմն այս ընթացքում բաց է թողել մի շարք այլ կարեւոր հարցեր:

Հավասար պայքարի ընթացքը ցույց է տալիս նաեւ ԱՄՆ-ում փոփոխվող ժողովրդագրությունը եւ քաղաքական աշխարհագրությունը: Մայքըլ Ալվարեզի խոսքերով, դեմոկրատները միշտ չէ, որ կարող են վստահել սեւամորթ ամերիկացիների աջակցությանը: ‘’Կարծում եմ, որ նրանց լիակատար աջակցությունը վայելելու համար դեռ անելիքներ շատ ունեն’’, ասում է նա:

Ով էլ ի վերջո ընտրվի հաջորդ նախագահ, առերեսվելու է մի շարք լուրջ խնդիրների, որոնցից առաջինը շարունակվող համաճարակն է, այնուհետեւ` տնտեսական անկումը: Խնդիրներ, որոնք հարթելու ճանապարհին պիտի փորձի վերացնել խորը բաժանումն ամերիկացիների շրջանում:

XS
SM
MD
LG