Մատչելի հղումներ

Գլխավոր թատերաբեմերից մեկն ԱՄՆ-ում այսօր Փենսիլվանիա նահանգն է


Փենսիլվանիա նահանգն ապացուցում է, որ կարեւորագույն նահանգներից մեկն է ԱՄՆ-ի նախագահի ընտրության հարցում: Այսօր Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդընն անհամբերությամբ են սպասում այս նահանգի պատասխանին, քանի որ այստեղ հաղթանակ տարած թեկնածուն ստանում է նահանգի ընտրական կոլեգիայի քսան անդամների աջակցությունը, այսինքն` անհրաժեշտ 270-ից 20 միավորը: Քանի որ այստեղ գործում է փոստային քվեարկության եղանակը նաեւ, հաշվարկն ավարտելու համար պահանջվելու է ժամանակ մինչեւ այս շաբաթավերջ:

Թրամփին այս նահանգում աջակցում են հիմնականում գյուղական վայրերում, որտեղ մարդիկ գոհ են նրա վարած տնտեսական քաղաքականությունից: Նրանց խոսքերով, Թրամփի կառավարման չորս տարիներին իրենք ունեցել են դրամական ավելի մեծ շահույթ, քան նախորդ մեկ տասնամյակի ընթացքում:

Ի դեպ, 2016 թվականին այստեղ Թրամփի հաղթանակը հանրապետականների առաջին հաղթանակն էր 1980-ականներից ի վեր: Ինչպես համալսարանի դասախոս Դեյվիդ Քեմփբելն է ասում, ‘’Փենսիլվանիան ունի նկատելի բանվոր դասակարգ, եւ անցյալում եղել է դեմոկրատներին հստակ աջակից նահանգ: Սակայն աշխատավոր դասակարգի մոտ այսօր նկատելի է համակրանքը հանրապետականների նկատմամբ’’:

Նախագահ Թրամփն այսօր փորձում է դադարեցնել քվեների հաշվարկը, իսկ Փենսիլվանիայում դեմոկրատներին աջակից ցուցարարները պահանջում են, որ հաշվվի ամեն մի քվե:

Բայց դե բոլորն են այստեղ գիտակցում, որ հաշվարկը դեռեւս մի քանի օր է պահանջելու: Եթե դրան գումարենք դատարաններում բողոքներ ներկայացնելու հնարավորությունը, կարելի է ենթադրել, որ հաջորդ նախագահի անունը հայտարարելու համար կպահանջվի մինչեւ մի քանի շաբաթ ժամանակ:

XS
SM
MD
LG