Աշխարհում կորոնավիրուսով մինչ այժմ վարակվածների թիվն անցել է 47 միլիոնը, հիվանդության հարուցիչ, որին զոհ է գնացել ավելի քան 1 միլիոն 200 հազար մարդ:
Կովիդ 19 հիվանդության ցուցանիշով աշխարհում առաջին տխուր տեղն է զբաղեցնում Միացյալ Նահանգները, որտեղ վարակակիրների թիվը հասել է 9 միլիոն 300 հազարի: Փորձագետներն ասում են, որ այստեղ իրավիճակն ավելի կսրվի, եթե ամերիկացիները չդիմեն դրա տարածման դեմ հավելյալ միջոցների, հատկապես, երբ եղանակը սկսում է ցրտել:
Շատերը նախագահ Թրամփին մեղադրում են կորոնավիրուսի տարածման վտանգն ինչ որ կերպ նախկինում անտեսելու մեջ: Այդ փաստն է նրա մրցակից Ջո Բայդընը կիրառում Թրամփին քաղաքական հարվածներ հասցնելու համար:
Յութահ նահանգի գլխավոր բժիշտ Ռասըլ Վինիքի խոսքերով, իրենք զգում են համապատասխան բուժանձնակազմի պակաս:
Կորոնավիրուսի ցուցանիշով աշխարհում ԱՄՆ-ին զիջում են Հնդկաստանն ու Բրազիլիան: Հիվանդության թվով չորրորդ տեղում է շարունակում մնալ Ռուսաստանը, որտեղ ամեն օր գրանցվում է հիվանդության նոր 18 հազար դեպք: Այստեղ որոշ շրջաններում դիմակ կրելը դարձել է պարտադիր, որոշ հատվածներում մտածում են գիշերային բարերը եւ ռեստորանները փակելու մասին:
Փարիզում ոստիկանական հատուկ ուժերը արցունքաբեր գազ են կիրառել ավագ դպրոցի աշակերտների դեմ, որոնք փակել էին դպրոցի մուտքը` պահանջելով երկու անգամ կրճատել յուրաքանչյուր դասարանի աշակերտների թիվը:
‘’Մեր դասարանները լիքն են աշակերտներով, բոլորս նստում ենք միմյանց շատ մոտ: Ամեն դասարանում երեսուն աշակերտի պայմաններում հեռավորություն պահպանելն անհնար է’’, ասում են նրանք:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրամայել է երկրում նորից սկսել լիակատար սահմանափակումներ: Սակայն դպրոցները շարունակում են մնալ բաց:
Երկուշաբթի օրվա տվյալներով Իսպանիայում վարակակիրների թիվը հասել է 55 հազարի, ինչն ամենաբարձր ցուցանիշն է այս երկրում համաճարակը սկսվելուց ի վեր: