Ամերիկան անհամբերությամբ սպասում է նախագահական ընտրությունների արդյունքին եւ յուրաքանչյուր կողմից աջակիցները մեծ հույսեր ունեն, որ հաղթել է իրենց թեկնածուն:
Հիշեցնենք, որ յուրաքանչյուր նահանգում հաղթելու դեպքում տվյալ թեկնածուն ստանում է այդ նահանգի բնակչության թվին համապատասխան ընտրական կոլեգիայի անդամների աջակցությունը: Հաղթանակ գրանցելու համար թեկնածուն պիտի ստանա կոլեգիայի 538 անդամներից առնվազն 270-ի աջակցությունը: Ո՛չ Թրամփը եւ ո՛չ էլ Բայդընը ներկա պահին չեն հատել այդ ցուցանիշը:
Հիմա նրանց ձայներն ավելանում են գրեթե հավասարապես, ինչպես դա պատահեց նախագահական նախորդ ընտրություններում: Այնպես որ, ամեն ինչ կախված կարող է լինել Վիսկոնսին, Միչիգան եւ Փենսիլվանիա նահանգներից: Սրանք հիմնականում եղել են դեմոկրատներին աջակցող նահանգներ, սակայն անցյալ ընտրություններում հանրապետական թեկնածուի օգտին այս նահանգներում քվեարկելու արդյունքում էր, որ Թրամփը դարձավ երկրի նախագահ:
Չնայած Թրամփն արդեն հայտարարում է, թե ինքը հաղթում է, քվեարկության արդյունքների հաշվարկը դեռեւս մի քանի օր է պահանջելու, քանի որ միլիոնավոր ամերիկացիներ քվեարկել են փոստային եղանակով, որոնց քվեները կարող են ընտրական տեղամասեր հասնել մի քանի օրվա ընթացքում:
Չորեքշաբթի օրվա տվյալներով հստակ չէ նաեւ ԱՄՆ-ի Սենատում ընտրությունների արդյունքը: Ամերիկան այս ընտրությունների ժամանակ ընտրում է նաեւ 100 սենատորներին, եւ այս պահին ձայները բաժանված են հավասարապես: