Մատչելի հղումներ

Մոսկվան և Վաշինգտոնը համակարծիք են՝ ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում


ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՛՛Կոմերսանտ՛՛ թերթին տված հարցազրույցում իր անհանգստություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի շարունակվող վարձկանների տեղափոխման վերաբերյալ, որոնց թիվն, ըստ նրա, մոտենում է 2 հազարին։ Լավրովն ընդգծել է՝ ՌԴ չի աջակցում ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով կարգավորելու դիրքրորոշումն ու հավանականությունը: Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները հստակ արտահայտվել են բացառապես քաղաքական կարգավորման օգտին, շեշտում է Լավրովը: Համանախագահների այս «եռյակը» միջնորդության ընդհանուր ճանաչված ձևաչափն է, ասում է նա՝ հավելելով, որ կաշխատեն նաև իրենց թուրք գործընկերների հետ ՝ հրադադարի հաստաման և բանակցությունների վերսկսման համար:

Կրակի դադարեցման և բանակցությունների վերսկսման անհրաժեշտության շուրջ Մոսկվայի այս դիրքորոշումը կիսում է Վաշինգտոնը: Օրերս Կալիֆոռնիայում ամերիկահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օբրայանը խոսել էր ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված վիճակի մասին: Նա ասել էր, որ այս պահին Ադրբեջանը չի ցուցաբերում հարձակողական գործողությունների դադարեցման որևէ նշան՝ ընդգծելով, որ Բաքուն օգտագործել է նավթից ստացված միջոցները մեծ քանակությամբ զենք, զինամթերք գնելու համար, ինչպես նաև վայելում է Թուրքիայի անվերապահ աջակցությունը:

Օբրայանը ևս չշրջանցեց զինյալների թեման՝ շեշտելով, որ չնայած Թուրքիան հերքում է, սակայն առկա են բազմաթիվ վստահելի բաց աղբյուրներ և հրապարակումներ, որոնք վկայում են, որ Անակարան ԼՂ հակամարտության գոտի է տեղափոխում Սիրիայի ընդդիմադիր զինյալներ:

Նրա կարծիքով հակամարտության կարգավորումը դժվար է պատկերացնել առանց խաղաղապահ ուժերի կամ դիտորդների: Օբրայանը ընդգծում է՝ դրանք չպետք է ներկայացնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող կամ հարևան երկրները՝ շեշտելով, որ ԱՄՆ կողմ չէ նաև թուրքական միջնոդական կամ խաղաղապահ առաքելությանը: Հիշեցնենք, որ Մոսկվան մի քանի անգամ արտահայտվել էր ԼՂ հակամարտության գոտում ռուսական խաղաղապահների ներգրավման օգտին:

՛՛Մենք հավատացած ենք, որ կողմերը պետք է համաձայնվեն սկանդինավյան խաղաղապահների տարբերակին, և մենք աշխատում ենք այժմ սկանդինավյան կառավարությունների հետ ՝ խաղաղապահ ուժեր կազմելու ուղղությամբ, որոնք կարող են տեղակայվել տարածաշրջանում ՝ հրադադարի ռեժիմը պահպանելու համար՛՛,- նշել է Օբրայանը:

Նա ևս ընդգծել է, որ արտաքին ուժերը չպետք է որևէ դեր ունենան այս հակամարտության հարցում և որ այն չունի ռազմական լուծում: Կողմերը պետք է համաձայնվեն կրակի դադարեցմանը և նստեն բանակցային սեղանի շուրջ առանց նախապայմանների:

՛՛Սա հատկապես վերաբերում է ադրբեջանցիներին, ովքեր մինչ օրս ամենաշատն են վարանում առանց նախապայմանների հրադադարի հաստատման հարցում՛՛,- ասել է նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում անցնում են նախագահական ընտրություններ: Նախընտրական քարոզարշավին ԼՂ հարցին անդրադարձել են ինչպես գործող վարչակազմն ու նախագահ Թրամփը, այնպես էլ դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը:

Դոնալդ Թրամփը մի քանի անգամ խոսել է ԼՂ հակամարտության մասին՝ կոչ անելով կողմերին դադարեցնել կրակը: Պետքարտուղար Մայք Պոմպեոն էլ բանակցություններ ու քննարկումներ է անցկացրել Վաշինգտոն ժամանած ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, ինչի արդյունքում կողմերը հայտնել էին մարդասիրական հրադադարի հաստատման մասին, մի բան, որը սակայն չպահպանվեց: ԱՄՆ պետքարտուղարի մամլո խոսնակ Մորգան Օրտագուսն ՛՛Ամերիկայի ձայն՛՛-ին տված հարցազրույցում կարևորել է վաշինգտոնյան բանակցությունները՝ շեշտելով, որ դրանք տևել են նախատեսվածից երկար: Նա ընդգծել է, թե Վաշինգտոնը ցանկանում է, որ կողմերը հավատարիմ մնան հրադադարի պահպանմանը՝ շեշտելով հարցի կարևորությունը Թրամփի վարչակազմի համար: ԱՄՆ-ը կշարունակի ակտիվ դիվանագիտական ջանքեր գործադրել այս ուղղությամբ պետքարտուղարի ու փոխպետքարտուղարի միջոցով, հայտնել է Օրտագուսը:

Իր հերթին դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը տարածել է հայտարարություն ԼՂ հակամարտության գոտում ստեղծված վիճակի շուրջ, որտեղ ասված է.‘’Հոկտեմբերի 25-ին պետքարտուղար Պոմպեոյի հայտարարած զինադադարի ձախողումից հետո լայնածավալ մարդասիրական աղետ է սպառնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որն արդեն իսկ չափազանց մեծ վնասներ է կրել: Նրանց անվտանգությունը պետք է պաշտպանված լինի: Մեկամսյա մարտերից հետո վաղուց արդեն ժամանակն է, որ նախագահ Թրամփը ուղղակիորեն կապ հաստատի Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հետ` անհապաղ դե-էսկալացիա իրականացնելու համար և դադարեցնելու ադրբեջանական զորքերի առաջխաղացումը դեպի Լեռնային Ղարաբաղ: Նախընտրական հանրահավաքներում Թրամփը պարծենում է գործարքներ կնքելու իր հմտությամբ, սակայն դեռևս այդպես էլ անձամբ չի ներգրավվել այս պատերազմը դադարեցնելու հարցում: Վարչակազմը պետք է ամբողջությամբ իրականացնի և չչեղարկի Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ բաժնի պահանջները, որպեսզի կանգնեցնի ռազմամթերքի հոսքը դեպի Ադրբեջան, և կոչ անի Թուրքիային և Ռուսաստանին դադարեցնել հակամարտության թեժացումը զենքի մատակարարման միջոցով, իսկ Թուրքիայի դեպքում՝ նաև վարձկանների: Միացյալ Նահանգները պետք է առաջնորդի դիվանագիտական ջանքերը ՝ վերջ դնելու մարտերին մեր եվրոպացի գործընկերների հետ միասին և պահանջի միջազգային մարդասիրական օգնության տրամադրում՝ մարդկային տառապանքներին վերջ տալու համար: Իմ կառավարման ներքո մենք հենց այդպես էլ կանենք’’,- ասել է Բայդենը:

Ինչպիսի քաղաքականություն կորդեգրի Թրամփի վերընտրված կամ Բայդենի նորընտիր վարչակազմն այս հարցում, պարզ կդառնա ընտրությունների ավարտից հետո:

Facebook Forum

XS
SM
MD
LG