ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների նախօրեին գլխավոր երկու թեկնածուները փորձում էին քարոզարշավի ժամանակ իրենց կողմը գրավել հնարավոր ամեն մի քվե:
Դեմոկրատ թեկնածու Ջո Բայդընը վերջին միջոցառումն անցկացրեց Օհայոյում եւ Փենսիլվանիայում: ‘’Մեր ժողովրդավարությունը հետ վերցնելու ժամանակն է’’, հայտարարում էր նա հավաքի ժամանակ:
Բայդընի վարկանիշը Փենսիլվանիայում Թրամփի նկատմամբ երկուշաբթի օրվա տվյալներով ուներ չորս տոկոսի առավելություն: Սակայն ինչպես վերլուծաբաններն են հիշեցնում, չնայած նման իրավիճակ էր նաեւ նախագահական նախորդ ընտրություններում, Թրամփն այնուամենայնիվ տարավ հաղթանակ այս նահանգում:
Թրամփը կիրակի օրը հանդիպումներ էր ունենում Ֆլորիդայում, նահանգ, որն ըստ վերլուծաբանների, ‘’ջրի պես անհրաժեշտ է’’ Թրամփին, որպեսզի կարողանա ապահովել վերջնական հաղթանակ:
‘’Նման թվով մարդկանց հավաքները կախված են նրանից, որ մենք ուզում ենք Ամերիկան նորից դարձնել հզոր’’, իր հայտնի խոսքով էր հանդես գալիս ԱՄՆ-ի նախագահը:
Բայդընն իր վերջին ելույթները հիմնականում հենում էր կորոնավիրուսի դեմ պայքարում Թրամփի վարած քաղաքականությունը քննադատելու վրա: Թրամփը շարունակում էր հպարտանալ մինչեւ համաճարակի տարածումը, երկրում տնտեսության արագ աճի փաստով ու դատապարտում տնտեսության բնագավառում Բայդընի կողմնորոշումը:
Ըստ հարցումների, ԱՄՆ-ի ժամանակակից պատմության ընթացքում այս ընտրությունները դառնալու են մասնակցության թվով ամենահիշարժանը:
Սակայն ընտրությունների արդյունքը հրապարակելու համար դեռեւս կպահանջվի մի քանի օր, քանի որ ընտրողների մի զգալի մասը որոշել է քվեարկել փոստային եղանակով, իսկ դրանց հաշվարկը կարող է արվել ընտրություններից մի քանի օր անց: