Մատչելի հղումներ

Ավստրիայի մայրաքաղաքը դատարկ է նախորդ օրվա ահաբեկչական հարձակումից հետո


Այսօր կես կայմ իջեցվել են Ավստրիայի եւ Եվրոպական միության դրոշները, ի հիշատակ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում նոյեմբերի 2-ին իրականացված ահաբեկչական հարձակումների զոհերի:

Վիեննայի փողոցները երեքշաբթի օրը դատարկ են ու լուռ: Տներից դուրս չգալու կոչով էր նախորդ օրը հանդես եկել երկրի կանցլերը: Հիշեցնենք, որ ջիհադիստի կողմից հրազենային ահաբեկչական հարձակման արդյունքում քաղաքի կենտրոնական հատվածում երկուշաբթի օրը չորս մարդ էր զոհվել:

Ոստիկանությունն այժմ իրականացնում է հետախուզում այն շենքում, որտեղ բնակվել են կասկածյալները:

Հրեական սինագոգի մոտակայքում եւ քաղաքի հինգ այլ հատվածներում միաժամանակ իրականացված հարձակումներից հետո այս հատվածներըը ոստիկանական ուժերը շարունակում են փակ պահել, իսկ հատուկ ուժերը ստուգումներ են իրականացնում դեպի օդանավակայան գնացող ավտոմեքենաներում:

Ինչպես տեղացիներից ոմանք են ասում, նման հարձակումը Վիեննայում սպասելի էր: Հիշեցնենք, որ իսլամիստական ահաբեկչական հարձակումների մասին էր նախապես զգուշացրել նաեւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Տեղի բնակիչներն ասում են, թե այս մարդիկ ուզում են իսլամը դարձնել մեծ ու հնարավորին չափ մեծ, սակայն այն դարձնում են փոքր ու ավելի փոքր:

Ավստրիայի ոստիկանական ուժերը ձերբակալել են տասնչորս կասկածյալների եւ հայտնել, որ հարձակման ժամանակ սպանված ահաբեկիչը Ավստրիայում ծնված եւ Ավստրիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի երկքաղաքացի քսանամյա ոմն Ֆեջզուլայ Քուջթիմն է, որը նախկինում, անչափահաս տարիքում դատապարտված է եղել 22 ամսվա ազատազրկման` Սիրիայի ջիհադիստներին միանալու փորձերի համար:

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Քուրցը համերաշխության համար շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Սա մեզ համար շատ բան է նշանակում այս դժվար ժամանակներում: Նման սարսափելի ահաբեկչական գործողություններն Ավստրիային չեն վախեցնի: Մենք միասին ենք պաշտպանելու մեր բաց հասարակությունները եւ ժողովրդավարական արժեքները»,- գրել է Քուրցը Twitter-ում:

XS
SM
MD
LG