Մատչելի հղումներ

Թրամփն ու Բայդընն անցկացնում են քարոզարշավի վերջին փուլը


ԱՄՆ-ի երկարատև քարոզարշավը մոտենում է ավարտին, և երկուշաբթի օրը թեկնածուները վերջին հնարավորությունն են օգտագործում չկողմնորոշված ընտրողներին իրենց կողմը գրավելու համար:

Նախագահ Դոնալդ Թրամփը և նախկին փոխնախագահ Ջո Բայդընը միջոցառումներ են անցկացնում այն նահանգներում, որոնք կարող են որոշել ընտրությունների արդյունքը:

Երկու թեկնածուները երկուշաբթի օրը լինելու են Փենսիլվանիա նահանգում, որտեղ Բայդընը, վերջին հարցումների համաձայն ունի առավել թվով ձայներ: Հիշեցնենք, որ Թրամփն այստեղ հաղթել էր 2016 թվականին. Ասենք, որ Փենսիլվանիան ապահովում է ընդհանուր ընտրական կոլեգիայի 270 անդամներից 20-ի ձայները:

Բայդենը կայցելի նաև Օհայո: Այս նահանգին բաժին է հասնում ընտրական կոլեգիայի 18 անդամ: Այստեղ երկու թեկնածուների նկատմամբ համակրանքն այս պահին հավասարապես է բաժանված:

Թրամփը նույն ժամանակահատվածում կլինի Հյուսիսային Քարոլինայում, որտեղ նույնպես լարված պայքար է ընթանում: Նա կայցելի 2016 թվականին իր օգտին քվեարկած Միչիգան և Վիսկոնսին, որտեղ այսօր Բայդընն ունի որոշ առավելություն:

Ընտրությունների պաշտոնական արդյունքները հայտնի կդառնան միայն մի քանի շաբաթ անց: Հաշվարկի ժամանակները տատանվում են նահանգից նահանգ:

Այս տարի ռեկորդային թվով մարդիկ են մասնակցել վաղ քվեարկությանը: Վաղաժամ քվեարկել է արդեն մոտ 94 միլիոն ամերիկացի: Քանի որ քվեաթերթիկներից շատերն ուղարկվել են փոստով, որոշ նահանգներում ձայների հաշվարկը կարող է տևել սովորականից ավելի:

Ըստ Axios լրատվական պորտալի, նախագահը իր շրջապատին ասել է, որ մտադիր է երեքշաբթի երեկոյան հայտարարել հաղթանակի մասին, նույնիսկ եթե ընտրական կոլեգիայի արդյունքները անորոշ լինեն: Թրամփը կտրականապես հերքել է այս լուրը:

Ըստ հարցումների, Բայդընը Թրամփից առաջ է մոտ 8 տոկոսային կետով:

Այս ընտրությունների արդյունքում ամերիկացի ընտրողները նաև որոշելու են, թե ովքեր են լրացնելու Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 տեղերը, Սենատի 100 տեղերից 35-ը, նահանգապետերի 11 պաշտոններ և տեղական ինքնակառավարման մարմինների տարբեր պաշտոններ: Բացի այդ, անցկացվում են մի շարք հարցերրի շուրջ հանրաքվեներ:

XS
SM
MD
LG