Մատչելի հղումներ

Վերջին ճիգերը `մինչեւ ընտրությունները


ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մնացել են հաշվված ժամեր, եւ երկու գլխավոր մրցակիցներ Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդընը զարկ են տալիս իրենց վերջին ջանքերին: Ի դեպ, մինչեւ ընտրությունների օրը, այստեղ վաղաժամ եւ փոստային եղանակով 93 միլիոն ամերիկացիներ արդեն իսկ քվեարկել են: Սա կազմում է 2016 թվականի ընտրություններին մասնակցած ամերիկացիների 67 տոկոսը:

Երկու մրցակիցներն էլ ասում են, թե իրենք ունեն հաղթելու մեծ հնարավորություն: Թրամփի ընտրարշավում նրա գլխավոր խորհրդական Ջեյսոն Միլլերի խոսքերով, օրինակ, Թրամփն ամրապնդել է իր դիրքերը սեւամորթ տղամարդկանց եւ լատինամերիկյան ծագում ունեցող ամերիկացիների շրջանում: Նրա խոսքերով, ներկա նախագահը նաեւ հաջողություններ է գրանցում ավանդաբար դեմոկրատ թեկնածուների օգտին քվեարկող որոշ նահանգներում:

Հակառակ կարծիք ունեն դեմոկրատները, որոնց խոսքերով էլ, հիմնականում հանրապետականների օգտին քվեարկող նահանգներում տեղաշարժ է կատարվում դեպի դեմոկրատները: Բայդընի ընտրարշավում նրա ավագ խորհրդական Անիթա Դաննի խոսքերով, մարդիկ փոփոխություն են ցանկանում, եւ նրանցից շատերը կքվեարկեն դեմոկրատ Բայդընի օգտին: Նա հույս ունի, որ դրան կնպաստի նաեւ ընտրություններում այս տարվա մեծ մասնակցությունը:

Սակայն պարզ չէ, թե երբ կհրապարակվեն ընտրությունների վերջնական արդյունքները: Չէ որ, ընտրություններից հետո կարող են վիճարկվել դրանց արդյունքները, ինչը Գերագույն դատարան հասնելու համար կպահանջի նկատելի ժամանակ:

XS
SM
MD
LG