Մատչելի հղումներ

Թրամփն ու Բայդընն իրենց ընտրարշավներն անցկացնում են ‘’ճակատամարտային գոտի’’ համարվող նահանգներում


Այսօր, երբ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մնացել է միայն երեք օր, երկու գլխավոր թեկնածուներ Թրամփն ու Բայդընն իրենց ընտրարշավներն անցկացնում են գլխավոր ‘’ճակատամարտային գոտի’’ համարվող նահանգներում: Ներկա նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հանդիպումներ է ունենալու Փենսիլվանիա, նախկին փոխնախագահ Ջո Բայդընը` Միչիգան նահանգում:

Բայդընն, առաջին անգամը լինելով, այս քարոզարշավի ընթացքում հանդես է գալու նախկին նախագահ Բարաք Օբամայի ուղեկցությամբ: Դեթրոյթ քաղաքում նրանց է միանալու երգիչ Ստիվի Ուանդերը եւ ողջունելու է երգով: Հիշեցնենք, որ Ստիվի Ուանդերը նախկինում էլ մասնակցել է Դեմոկրատական կուսակցության միջոցառումներին, այդ թվում` 2008 եւ 2012 թվականներին Օբամայի եւ 2016-ին` Հիլըրի Քլինթընի ընտրարշավների ժամանակ:

Թրամփը ծրագրում է Փենսիլվանիայում շաբաթ օրն անցկացնել չորս հանդիպում: Հիշեցնենք, որ այս նահանգում նախորդ ընտրությունների ժամանակ նա գրանցել էր չնչին առավելություն եւ հաղթել: Նա այժմ նպատակ ունի կրկնել իր հաջողությունն այստեղ: Սակայն հարցումները ցույց են տալիս, որ Բայդընն այս նահանգում այս պահին ունի փոքր առավելություն:

Թրամփն ասել է, թե դեռեւս չի որոշել այն վայրը, ուր անցկացնելու է ընտրությունների նախորդ գիշերը: Ավելի վաղ թերթերն էին գրել, որ նա չեղյալ է հայտարարել Վաշինգտոնում ‘’Թրամփ’’ միջազգային հյուրանոցում նախատեսված արարողությունը:

Նրա խոսքերով, դրա համար պատճառ է դարձել կորոնավիրուսի հետեւանքով մայրաքաղաքում հիսուն հոգուց ավելի մարդաշատ հավաքներն անթույլատրելի համարող որոշումը:

Բայդընը շարունակում է Թրամփին մեղադրել կորոնավիրուսի դեմ պայքարից ‘’հրաժարվելու’’ համար: Թրամփն իր քարոզարշավի ժամանակ հայտարարում է, թե Բայդընը կանխատեսել է գորշ ձմեռ: ‘’Ահա, թե ինչ է ուզում առաջնորդի դեր ստանձնելու նպատակ ունեցող գործիչը’’, հայտարարել է Թրամփը, որը խոստանում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի մի քանի շաբաթների ընթացքում եւ խոստացել, որ այն կլինի անվճար:

Վերջին հարցումների համաձայն, թեկնածուների միջեւ շատ վճռական պայքար է գնում որոշիչ դեր ունեցող Ֆլորիդա, Արիզոնա, Հյուսիսային Քարոլինա, Միչիգան, Փենսիլվանիա եւ Վիսքոնսին նահանգներում:

Ուրբաթ օրվա տվյալներում ընտրություններին վաղաժամ մասնակցել է ավելի քան 82 միլիոն ամերիկացի:

XS
SM
MD
LG