Մատչելի հղումներ

"Շատ կյանքեր կփրկվեն" ԱՄՆ-ի նախագահը՝ ԼՂ-ում զինադադարի մասին


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը րոպեներ առաջ Թվիթերով շնորհավորել է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներին հրադադարի կապակցությամբ:

"Շնորհավորում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ովքեր քիչ առաջ համաձայնեցին հրադադարին՝ որն ուժի մեջ կմտնի կեսգիշերին: Շատ կյանքեր կփրկվեն: Հպարտ եմ իմ թիմով՝ պետքարտուղար Պոմպեոյով, Սթիվ Բիգանով և ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականով",- գրել է Թրամփը:


ԱՄՆ պետքարտուղարությունը այդ կապակցությամբ տարածել էր հետևյալ հայտարարությունը, որտեղ ասված է.

''Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու և պահպանելու կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և վերահաստատվել հոկտեմբերի 17-ին Փարիզի կողմից՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 1-ին արված հայտարարության հետ:

Հումանիտար հրադադարն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին:

Միացյալ Նահանգները ձեռնարկեցին ինտենսիվ բանակցություններ ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների միջև՝ Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը ավելի մոտեցնելու նպատակով'':


Հրադադարի մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Պոպովի, Վիսկոնտիի և Շոֆերի հայտարարությունում էլ ասվում էր, որ հոկտեմբերի 24-ին իրենք Վաշինգտոնում հանդիպել են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, ինչպես նաև ներկա են եղել արտգործնախարարների հանդիպմանը ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ: Մինսկի խմբի նախագահի անձնական ներկայացուցիչը նունպես մասնակցել է հանդիպումներին:

XS
SM
MD
LG