Մատչելի հղումներ

Թրամփի ու Բայդընի միջեւ երկրորդ բանավեճը հինգշաբթի երեկոյան կտա կարեւոր պատասխան


ԱՄՆ-ի նախագահական երկու թեկնածուներ Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդընը հինգշաբթի օրը հանդիպելու են նախագահական ընտրությունների բանավեճի շրջանակներում: Սա նրանց միջեւ երկրորդ ու վերջին բանավեճն է: Առաջին բանավեճի ժամանակ կողմերը հաճախ էին ընդհատում մեկը մյուսին, մեկը մյուսի ելույթի ընթացքում հանդես գալիս վիրավորական խոսքերով, մեծաթիվ ամերիկացիների մոտ առաջ բերելով հիսաթափություն:
Նույնը չկրկնվելու նպատակով, խոսքը մյուսին փոխանցվելուց հետո, անջատվելու է նախորդի խոսափողը: Սակայն երկուսի խոսափողները միացաված կմնան միայն ազատ համատեղ քննարկման ընթացքում:

Բանավեճն անցկացվելու է հիմնականում հանրապետական կողմնորոշում ունեցող Թենըսի նահանգի հիմնականում դեմոկրատ թեքում ունեցող Նեշվիլ քաղաքում: Քաղաք, որը հայտնի է իր երաժշտական թեքումով, քաղաք, որն այսօր սակայն մեծապես է տառապում կովիդ հիվանդության մեծ ալիքի տակ: Մարտ ամսից ի վեր այստեղ չեն անցկացվել երաժշտական միջոցառումներ, ինչը չափազանց մեծ հարված է քաղաքային կյանքին ու տնտեսությանը:

Կորոնավիրուսի դեմ պայքարում Թրամփի վարած քաղաքականության պատճառով է, որ այստեղ նրանցից շատերը, ովքեր նախորդ ընտրությունների ժամանակ քվեարկել էին Թրամփի օգտին, այսօր մտածում են դեմոկրատ թեկնածուին իրենց ձայնը տալու մասին:

Մի հոծ զանգված հավատարիմ է մնում Թրամփին, արհեստական վիժեցումների դեմ նրա կողմնորոշման համար: Նրանց խոսքերով, բոլորն ունեն ապրելու իրավունք, եւ չի կարելի դեռեւս չծնված պտղին զրկել ծնվելու իրավունքից, ասում են նրանք:

Շատերն էլ դեմ են Բայդընին այն պատճառով, որ, ինչպես իրենք են ասում, Բայդընը քաղաքական իշխանության վերին ատյաններում է արդեն քառասուն տարի: ‘’Սակայն նա ոչինչ չի արել: Եվ ի՞նչ պիտի սպասենք նրանից այժմ’’, ասում են բնակիչներից շատերը:

Արդյո՞ք այս վերջին բանավեճը կարող է փոխել մարդկանց կողմնորոշումը: Հաստատ կարելի է այս հարցին պատասխանել այսպես, որ քառասուն միլիոն ամերիկացիների այլեւս փոխելու կարողություն այն չունի, որովհետեւ քառասուն միլիոն ամերիկացիներ արդեն մասնակցել են ընտրություններին վաղաժամ փոստային քվեարկությամբ:

Մնացյալ ընտրողների մեծ մասի մոտ Բայդընի նկատմամբ համակրանքը մեծացել է առաջին բանավեճի արդյունքում: Երկրորդի հետ մեծ հույսեր է փայփայում Թրամփը:

XS
SM
MD
LG