Մատչելի հղումներ

Կալիֆոռնիան չի օգտագործի դաշնային կառավարության հաստատած COVID-19-ի պատվաստանյութը՝ նախքան այն ստուգելը


Նահանգապետ Գավին Նյուսոմը հայտնել է, որ Կալիֆոռնիայում գիտնականների թիմը ինքնուրույն կերպով կփորձարկի կորոնավիրուսի նոր պատվաստանյութը այն օգտագործման հանձնելուց առաջ:

Գիտնականների 11 հոգուց բաղկացած թիմի անդամները, որոնք մասնագիտացված են համաճարակաբանության, բիոստատիստիկայի և վարակիչ հիվանդությունների բնագավառում, կուսումնասիրեն ԱՄՆ-ի Սննդի և դեղամիջոցների վերահսկման կենտրոնի կողմից հաստատված COVID-19-ի դեմ ցանկացած պատվաստանյութ:

"Նրանք առողջապահության բնագավառի լավագույն մասնագետներն են, որոնք ինքնուրույն կուսումնասիրեն ԱՄՆ-ի Սննդի և դեղամիջոցների վերահսկման կենտրոնի հաստատած ցանկացած պատվաստանյութ",- ասել է նահանգապետը:


COVID-19-ի դեմ պատվաստանյութի պատրաստման գործընթացի շտապեցումը ԱՄՆ-ի կառավարության կողմից և նախագահ Թրամփի խոստումները, այն մասին թե պատվաստանյութը պատրաստ կլինի նախքան նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրությունները, մտավախություն են առաջացրել, թե կառավարութունը կարող է միջամտել պատվաստանյութի ստեղծմանը` անվտանգության որոշակի նորմեր խախտելով: ԱՄՆ-ի Սննդի և դեղամիջոցների վերահսկման կենտրոնն իր հերթին խոստացել է ապահովել COVID-19-ի դեմ պատվաստանյութերի անվտանգ լինելը, նախքան դրանք հաստատելը:

Նյուսամն ասել է, որ գիտնականների թիմը պատվաստանյութը կստուգի անկախ նախագահական ընտրությունների արդյունքից: Նա նաև զգուշացրել է բնակիչներին, որ նույնիսկ ամենալավատեսական կանխատեսումներով, պատվաստանյութը Կալիֆոռնիայում հասանելի չի լինի մինչև մյուս տարի:

"Մի սպասեք, որ այս տարի կկարողանաք գնալ տեղական բուժկետ և պատվաստանյութ ստանալ",- ասել է նա:

Պատվաստանյութի հաստատման դեպքում նահանգը առաջնահերթությունը կտա բուժաշխատողներին և անվտանգության ոլորտի աշխատակիցներին:

Նշենք, որ Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն անցած ամիս հայտնել էր, որ իրենք նույնպես ստուգելու են COVID-19-ի դեմ դաշնային կառավարության հաստատած պատվաստանյութը:

XS
SM
MD
LG