Մատչելի հղումներ

Լուկաշենկոն շարունակում է ապավինել ուժի կիրառմանը


Չնայած Բելառուսում շարունակական բողոքներին, Լուկաշենկայի վարչակարգը շարունակում է հույսը դնել ընդդիմությունն ուժի միջոցով ճնշելու վրա:

Կիրակի օրը, «Պարտիզանական երթ» անվանումը ստացած բողոքի ցույցի ժամանակ արձանագրվել են զանգվածային նոր ձերբակալություններ:

Ոստիկանության կազմի մեջ մտնող ներքին ուժերը` Հատուկ նշանակության ստորաբաժանումները, քաղաքի կենտրոնը վերցրել էր իր վերահսկողության ներքո, մինչեւ ժողովուրդը կհասցներ հասնել այնտեղ: Մայրաքաղաքի կենտրոնում փակ էին մետրոյի կայարանները, իսկ շարժական ինտերնետը սահմանափակված էր, ինչպես իշխանություններն են ասում, «ազգային անվտանգությունն ապահովելու համար»: Քաղաքում պետական հաստատությունները շրջապատվել են ջրցան մեքենաներով ու զինված ուժերի ստորաբաժանումներով:

Իրավապահների խմբերը մեքենաներով շրջում էին փողոցներով` ձերբակալելով դեպի Մինսկի կենտրոն շարժվող ցուցարարներին: Պարտիզանական պողոտայի սկզբում, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» -ը, ոստիկանությունը շղթա էր կազմել, խոչընդոտելու համար երթը:

Ըստ որոշ հաշվարկների, երթին մասնակցել է մոտ 30 հազար մարդ: «Վիասնա» իրավապաշտպան շարժումը հայտնում է, որ 194 ցուցարար է բերման ենթարկվել:

Օգոստոսի 9-ից Բելառուսի տարբեր քաղաքներում սկսված բազմահազարանոց ցույցերի մասնակիցները պահանջում են չեղյալ հայտարարել օգոստոսյան նախագահական ընտրությունների արդյունքը, հայտատրարելով, որ դրանք կեղծված են եղել հօգուտ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի: Ընտրությունների արդյունքները չեն ճանաչել միջազգային մի շարք կազմակերպություններ, ինչպես նաեւ Եվրոպական Միությունն ու ԱՄՆ-ը:

Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան, որն այս պահին, անվտանգության դրդապատճառներով գտնվում է Լիտվայում, իր թիմակիցների հետ վերջին օրերի ընթացքում ուժգնացնում է ճնշումներն ընդդեմ Լուկաշենկոյի, պահանջելով, որ նա հրաժարական ներկայացնի մինչեւ հոկտեմբերի 25-ը: Հակառակ դեպքում նրանք սպառնում են սկսել համազգային գործադուլ:

XS
SM
MD
LG