Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում վերսկսվում են կանանց ցույցերն` ընդդեմ Թրամփի


ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում եւ մի շարք այլ քաղաքներում վերսկսվել են կանանց ցույցերը, որոնց նպատակն է խրախուսել ամերիկացիներին ընտրությունների ժամանակ քվեարկել ընդդեմ Դոնալդ Թրամփի, ինչպես նաեւ բողոքել Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում Էմի Քոունի Բարեթի նշանակման դեմ:

Գերագույն դատարանի շենքի առջեւ ցույցեր են անցկացրել նաեւ կանանց պահպանողական խմբերը ի պաշտպանություն նախագահ Թրամփի եւ ծրագրում են ցույց` ի պաշտպանություն Բարեթի նշանակման` պահանջելով, որ հաստատվի նրա նշանակումը:

Կազմակերպիչներն ակնկալում են, որ շաբաթ օրվա ցույցին կմասնակցի 6-ից 10 հազար մարդ կենտրոնական պուրակում, որից հետո երթը կշարժվի դեպի Գերագույն դատարան: Նրանք իրականացնելու են նաեւ հեռախոսային ուղերձների արշավ, որի ընթացքում պատրաստվում են մոտ հինգ միլիոն հեռախոսային ուղերձներ հղել մարդկանց` կոչ անելով իրենց մասնակցությունը բերել նոյեմբերի երեքի ընտրություններում:

Կանանց երթի կազմակերպիչները խրախուսում են մասնակիցներին կրել դիմակներ եւ պահպանել սոցիալական հեռավորություն:

Համաճարակի պատճառով մի շարք քաղաքներում նման ցույցերն անցկացվելու են ավտոմեքենաների երթի տեսքով:

Նշենք, որ հանրապետական մեծամասնություն ունեցող Սենատում Բարեթի նշանակումը հաստատելու օրակարգով նիստ է անցկացվելու եկող շաբաթ: Հաստատվելու դեպքում Գերագույն դատարանը կունենա 6-ը 3-ի հարաբերակցությամբ հանրապետական մեծամասնություն:

Հիշեցնենք, որ կանանց առաջին երթն ԱՄՆ-ում սկսվել էր 2017 թվականին, որի ժամանակ մասնակիցները բողոքում էին ընդդեմ նախագահի պաշտոնում Թրամփի երդմնակալության:

XS
SM
MD
LG