Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը դատապարտում է Թուրքիային` ռուսական օդային պաշտպանության համակարգ փորձարկելու համար


ԱՄՆ-ը դատապարտել է Թուրքիային` ուրբաթ օրը ռուսական գերզարգացած օդային պաշտպանության համակարգ փորձարկելու համար: Փորձարկումն իրականացվել է Սեւ ծովի մոտակայքում գտնվող Սինոպի գավառից:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասված է, թե այս հրթիռի արձակումը ‘’որպես ԱՄՆ-ի հետ ՆԱՏՕ-ի ռազմավարական դաշնակից, չի համապատասխանում Թուրքիայի ստանձնած պարտավորություններին’’:

Պաշտպանության նախարարության խոսնակն ասել է. ‘’Մենք հստակ ենք ասում` S-400 համակարգի գործարկումը չի համապատասխանոմ ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի հետ Թուրքիայի պարտավորություններին: Մենք դեմ ենք Ռուսաստանից այս համակարգերը գնելու Թուրքիայի քայլին, եւ խորապես մտահոգված ենք դրանց փորձարկման մասին ստացվող հաղորդագրություններով’’:

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական սենատոր Ջիմ Ռիշն այս փորձարկումն անվանել է ՆԱՏՕ-ի դաշնակցի կողմից ‘’անընդունելի վարքագիծ’’: Նրա կողմից հրապարակված հայտարարության մեջ ասված է, որ այս քայլը վնաս է հասցնում ՆԱՏՕ-ին եւ ներկայացնում ուղիղ սպառնալիք ամերիկյան F-35 կործանիչների եւ ՆԱՏՕ-ի մյուս անդամ պետությունների այլ համակարգերի համար:

‘’ԱՄՆ-ի օրենքները պահանջում են պատժամիջոցներ սկսել այն երկրների դեմ, որոնք շարունակում են խորացնել պաշտպանական հարցերում Ռուսաստանի հետ իրենց հարաբերությունները: Սա նշանակում է, որ վարչակազմը պետք է Թուրքիային հղի S-400 համակարգերը հեռացնելու մասին խիստ պահանջ’’, ասված է սենատորի հայտարարության մեջ:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում դեմոկրատ ավագ անդամ Բոբ Մենենդեսի կողմից նույնպես հրապարակվել է հայտարարություն այս առնչությամբ, որտեղ ասված է. ‘’Թուրքիայի դեմ հարկավոր է պատժամիջոցներ սկսել առանց հապաղելու’’:

Մենենդեսը նաեւ խիստ քննադատություններ է հնչեցրել Թրամփի վարչակազմի դեմ, ասելով. ‘’Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ Թրամփի սերտ հարաբերությունները եւ օրենքը հարգելու հարցում Թրամփի ձախողումները լուրջ վտանգ են ներկայացնում մեր երկրի, ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների եւ Եվրոպայում մեր գործընկեր պետությունների ազգային անվտանգության համար’’:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ոչ հաստատել, ոչ էլ հերքել է ռուսական օդային պաշտպանության համակարգ փորձարկելու մասին լուրերը:

Հիշեցնենք, որ Թուրքիան Ռուսաստանի հետ 2017 թվականին էր կնքել S-400 տիպի համակարգերի շուրջ գործարք: 2.5 միլիարդ դոլարի համարժեք կայանքների առաջին առաքումները Թուրքիան ստացել է անցյալ տարվա հուլիս ամսին:

XS
SM
MD
LG