Մատչելի հղումներ

Ինչու՞ են աղմկում ԱՄՆ-ի Գերագույն դատարանի առջեւ


Այսօր, երբ ԱՄՆ-ի Սենատում շարունակվում են Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում Էմի Քոունի Բարեթի նշանակումը հաստատելու շուրջ լսումները, նշանակման կողմ ու դեմ հանդես եկող մարդիկ ցույցեր են անցկացնում դատարանի առջեւ:

Այս ընթացքում պահպանողական թեկնածուն կանգնել է Սենատի դեմոկրատների խիստ հարցերի տարափի տակ եւ, զգուշավորությունից ելնելով, փորձում է ամեն կերպ շրջանցել հարցերը:

Հանրապետական Բարեթի նշանակումն այս պաշտոնում մեծ նշանակություն ունի նախագահ Թրամփի համար, որն ասում է, թե Բայդընի ու դեմոկրատների կողմից իշխանությունը վերցնելու դեպքում նրանք այդ դատարանը կլցնեն ծայրահեղ ձախ արմատականներով, ‘’որոնք ի վերջո Ամերիկայի հասարակությունն այնպես կվերափոխեն, որ այլեւս ճանաչել հնարավոր չի լինի’’:

Թրամփը հայտարարում է, թե այս ընտրություններում ինքը կպարտվի միայն այն դեպքում, երբ իրականացվեն կեղծումներ: Այսօր արդեն հարուցվել են ընտրությունների հետ կապված տասնյակ դատական հայցեր: Ու եթե պատահի, որ տատանվող նահանգներում գրանցվի ձայների չնչին տարբերություն, առաջ կգա մի այնպիսի իրադրություն, ինչպիսին էր 2000 թվականին, երբ միայն Գերագույն դատարանի որոշումով նախագահի պաշտոնում հաստատվեց Ջորջ Բուշը Ալ Գորի դեմ պայքարից հետո:

Այժմ, եթե Բարեթն ի վերջո հաստատվի դատավորի պաշտոնում, կստացվի, որ ինը դատավորներից վեցը նշանակվել են հանրապետական նախագահների կողմից, միայն երեքը` դեմոկրատների:

Այդ պատճառով դեմոկրատները կոչ են անում, որ Բայդընի հաղթանակի դեպքում վերջինս նոր նշանակումներ կատարի Գերագույն դատարանում, որպեսզի պահպանվի գաղափարախոսական հավասարակշռությունը: Դրան դեմ են հանրապետականները: Ի դեպ, դատավորների թիվը նշված չէ սահմանադրության մեջ: Պարզապես այն ինը դատավորներ է ունեցել 1869 թվականից ի վեր:

Բայդընն ասում է, թե ինքը չունի Գերագույն դատարանը դատավորներով լցնելու նպատակ: Բարեթը հայտարարում է, թե ինքն էլ չունի քաղաքական տարաձայնություններում անձնական ուղղվածություն:

XS
SM
MD
LG