Մատչելի հղումներ

«Թրամփի վարչակազմը պետք է դադարի փաղաքշել Անկարային». Ջո Բայդենը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ


ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է. «Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի շուրջ հոկտեմբերի 10-ի հրադադարի ռեժիմի խախտմամբ և մարտերի վերսկսմամբ: Անօդաչու թռչող սարքերը, ականանետերը և հեռահար հրետանին հարյուրավոր կյանքեր են խլում շփման գծի երկու կողմերում՝ տեղահանելով հազարավոր խաղաղ բնակիչների:


Այս վերջին լարվածության ողջ ընթացքում Թրամփի վարչակազմը հիմնականում անհասկանալիորեն պասիվ էր և չներգրավված: Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների բռնկումից ի վեր ո՛չ Նախագահ Թրամփը, ո՛չ էլ պետքարտուղար Պոմպեոն ոչ մի անգամ չեն զանգահարել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, անգամ երբ տարածաշրջանում բռնկում է: Դիվանագիտությունը Մոսկվային լիազորելու փոխարեն վարչակազմը պետք է առավելագույն ներգրավվածություն ունենա ամենաբարձր մակարդակներում` աշխատելով մեր եվրոպացի գործընկերների հետ մարտերը դեէսկալացնելու և երկու կողմերին բանակցությունների վերադարձնելու համար:


Թրամփի վարչակազմը պետք է ասի Ադրբեջանին, որ չի հանդուրժի հակամարտությանը ռազմական լուծում պարտադրելու՝ վերջինիս ջանքերը: Հայաստանին պետք է հասկանալի լինի, որ Լեռնային Ղարաբաղը շրջապատող շրջանները չեն կարող անվերջ օկուպացված լինել, և որ հրադադարի կնքումից անմիջապես հետո պետք է սկսվեն հուսալի բանակցությունները հակամարտության տևական լուծման շուրջ: Վերջապես, պետք է դադարեցնի փաղաքշել Անկարային և ինչպես Թուրքիային, այնպես էլ Իրանին ասի, որ հեռու մնան այս հակամարտությունից: Թուրքիայի կողմից Ադրբեջանին զենքի տրամադրումը և ռազմական լուծումը խրախուսող ռազմատենչ հռետորաբանությունն անպատասխանատու են: Դիվանագիտական հանգուցալուծման հասնելը դյուրին չի լինի, բայց Թրամփի վարչակազմը պարտավոր է փորձել: Դա պետք է անի շտապ, նախքան ավելի շատ կյանքեր կորցնելն ու հակամարտության ընդլայնումը»:


Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը մամլո ասուլիսի ընթացքում պատասխանել էր լրագրողի հարցին՝ կապված ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ: Նախագահը, մասնավորապես, ասել էր.

«Մենք ուշադրությամբ հետևում ենք զարգացումներին: Ես տեղեկացա դրա մասին այսօր և երեկ: Մենք այդ տարածաշրջանում ունենք շատ լավ հարաբերություններ: Տեսնենք, թե կկարողանանք արդյոք դադարեցնել բախումները»:

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն էլ օրեր առաջ "Թվիթեր"-ի իր պաշտոնական էջում գրառում էր կատարել, հորդորելով ԼՂ հակամարտության կողմերին պահպանել հրադադարի պայմանավորվածությունն ու կարևորել խաղաղ կարգավորումը:

"ԱՄՆ-ը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին իրականացնել իրենց կողմից ստանձնած պարտավորությունները հրադադարի վերաբերյալ, համաձայնեցված կարգով և դադարեցնել քաղաքացիական տարածքների թիրախավորումը, ինչպիսիք են Գյանջան և Ստեփանակերտը: Մենք ցավում ենք մարդկային կյանքի կորստի համար և հավատարիմ ենք մնում խաղաղ կարգավորմանը",- ասված էր Մայք Պոմպեոի հայտարարությունում:

XS
SM
MD
LG