ԱՄՆ-ը կոչ է անում Ադրբեջանին և ՀՀ իրականացնել իրենց կողմից ստանձնած պարտավորությունները հրադադարի վերաբերյալ համաձայնեցված կարգով և դադարեցնել քաղաքացիական տարածքների թիրախավորումը, ինչպիսիք են Գյանջան և Ստեփանակերտը,- հայտարարել է ԱՄՆ պետքարտողար Մայք Պոմպեոն թվիթերյան գրառման միջոցով: Կողմերը, մեղադրելով միմյանց, շարունակում են արյունալի բախումները հոկտեմբերի 10-ի մոսկովյան հրադադարի հաստատումից ժամեր անց:
՛՛Դա պարզապես ցույց է տալիս, որ կողմերը՝ ՀՀ-ը և Ադրբեջանը, ունեն տարբեր մոտեցումներ ՝ նախ հրադադարի ռեժիմի հաստատման, այնուհետև հակամարտության դադարեցման հարցում: Նրանց շահերը բախվում են, ըստ որի՝ ՀՀ-ը ցանկանում է պահպանել ստատուս-քվոն, իսկ Ադրբեջանը, ինչպես նաև Թուրքիան, ցանկանում են փոխել այն՛՛,- ասում է Stratford հաստատության ավագ վերլուծաբան Եվգենի Չաուսովսկին:
Մոսկովյան հրադադարը վերահաստատում էր բանակցային ձևաչափի պահպամումը և հիմնարար բանակցությունների վերսկսումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ԱՄՆ, Ֆրանսիայի ու ՌԴ միջնորդության ներքո:
Բանակցային այս ձևաչափի փոփոխմանը կողմ է Ադրբեջանը, որը նախօրեին ստորագրել էր համաձայնագիրը: Թուրքական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նախագահ Իլհամ Ալիևը ասել է. ՛՛Դե յուրե, թե դե ֆակտո, Թուրքիան միանշանակ պետք է մասնակցի այս խնդրի կարգավորմանը: Այն արդեն մասնակցում է, քանի որ գաղտնիք չէ, որ մենք պարբերաբար խորհրդակցություններ ենք անցկացնում Թուրքիայի հետ: Այս գործընթացների սկզբից ՝ սեպտեմբերի 27-ից մինչ օրս, մենք անընդհատ կապի մեջ ենք եղել՛՛,- ասել է Ալիևը:
Վերլուծաբան Լոուրենս Բրոերսը չի բացառում, որ Ադրբեջանն այսօր վերանայել է իր ռազմակն առաջնային նպատակները ԼՂ հարցում:
՛՛Կարծում եմ միանգամայն արդարացի են այն ենթադրությունները, որ եթե ադրբեջանական գործողության սկզբնական նպատակը եղել է վերահսկողության վերականգնումը մեկ կամ երկու շրջանների նկատմամբ, ապա, հավանաբար, այն ժամանակի ընթացքում փոխվել է ավելի մեծի՛՛,- նշում է Բրոերսը:
Իր հերթին Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալին կոչ է արել քառակողմ բանակցություններ սկսել ԼՂ հարցի շուրջ Երևանի, Անկարայի, Մոսկվայի ու Բաքվի մասնակցությամբ: Եթե Մինսկի խումբը չի կարողացել լուծում գտնել ավելի քան 30 տարի, ժամանակն է գտնել նոր մեխանիզմ, նշել է Քալին:
Վերլուծաբան Եվգենի Չաուսովսկու կարծիքով Թուրքիայի ներգրավվածության արդյունքում հակամարտությունը ստանում է ավելի լայնծավալ բնույթ՝ վերջին երկու տասնամյակների հետ համեմատած:
''Թուրքիան նախկինում միշտ սատարել է Ադրբեջանին քաղաքականապես և իր հռետորաբանությամբ, սակայն այժմ առկա են վկայություններ ոչ միայն Թուրքիայի աճող դերի մասին ռազմական ներգրավվածության առումով, լինի դա զենքի տրամադրման, թե անվտանգության աջակցության տեսքով, այլ նաև հնչում են մեղադրանքներ, ըստ որի Թուրքիան Ադրբեջան է տեղափոխել 1000 սիրիացի զինյալների՝ Բաքվի կողմից կռվելու համար: Անկարան հերքում է մեղադրանքները՛՛,- ասում է Չաուսովսկին:
Երևանն իր հերթին պատրաստ է ՄԽ ձևաչափի ներքո շարունակել բանակցությունները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղադրել է Ադրբեջանին ռազմական գործողությունները շարունալելու հարցում Թուրքիայի հրահանգները կատարելու մեջ՝ նշելով, որ Անկարայի համար խնդիրը ոչ թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է, այլ Հարավային Կովկասում իր ներկայության լեգիտիմացումը: Հարավային Կովկասը կվերածվի Սիրիայի և կրակը կտարածվի դեպի Հյուսիս և հարավ, իսկ հետագայում դեպի արևելք, ասել է Փաշինյանը՝ շեշտելով, որ Թուրքիան Հարավային Կովկաս է եկել շարունակելու իր այն քաղաքականությունը, որը վարում է Միջերկրականում Հունաստանի ու Կիպրոսի նկատմամբ, Լիբիայում, Սիրիայում, Իրաքում,- ասել է ՀՀ վարչապետը:
՛՛Հայկական կողմը խնդիրը դիտարկում է որպես գոյության համար պայքար՝ հաշվի առնելով Թուրքիայի այս փուլում շատ ավելի մեծ ներգրավվածությունը հակամարտությունում: Այստեղ առկա է Ցեղասպանության գործոնն ու հիշողությունները՛՛,- նշում է Լոուրենս Բրոերսը:
American Enterprice Institute հաստատության վերլուծաբան Մայքլ Ռուբինը ՛՛Թուրքիայի հետ բախումը դառնում է. անխուսափելի՛՛ հրապարակման մեջ ասել է, որ այսօր Թուրքիան ներթափանցել է ոչ միայն Կիպրոս կամ արևելյան Միջերկրածով, այլև զորքեր ունի Սիրիայում և Իրաքում, ինչպես նաև ներխուժել է Լիբիա և Ադրբեջան: Վերլուծաբանը մտահոգություն է հայտնում, որ Անկարան իր հարձակողական քաղաքականության իրականացման ընթացքում օգտագործում է սիրիացի զինյալներին, որոնցից շատերն, ըստ Ռուբինի, եղել են Իսլամական պետության գրոհայիններ կամ կապված են եղել Ալ Քայիդայի հետ: Դրանց ներգրավումը տարբեր հակամարտություններում ազդարարում է Անկարայի ցանկությունը մի կողմից ընդլայնել իր արտասահմանյան ինտերվենցիան, մյուս կողմից հերքել իր մասնակցությունն այդ գործողություններում, ընդգծում է Ռուբինը:
Facebook Forum