Մատչելի հղումներ

Ղարաբաղյան հակամարտությունը` միջազգային մամուլի այսօրվա էջերում


Ամերիկյան ու միջազգային մամուլը շարունակում է անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակին ու ռազմական գործողությունների վերսկսմանը զինադադարի կնքումից հետո

Los Angeles Times-ն անդրադարձել է Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում Թուրքիայի հյուպատոսարանի առջեւ ամերիկահայ համայնքի անցկացրած բազմահազարանոց ցույցին՝ ի նշան համերաշխության Հայաստանի`Ադրբեջանի դեմ պայքարում: Պարբերականի տվյալներով Լոս Անջելեսի ոստիկանության Ուիլշիրի կայանը թվիթերում գրել է, որ բազմությունը հասել է 100 000-ի:

Democracy Now-ն տեղեկացնում է, որ Ադրբեջանը ձեռնարկել է օդային հարձակումներ Ստեփանակերտի ուղղությամբ հրադադարի խափանումից հետո: Ըստ պարբերականի՝ Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին եկեղեցին թիրախավորելու, իսկ Բաքուն՝ Երևանին՝ Գյանջան հրթիռակոծելու մեջ:

US News & World Report-ն էլ հաղորդում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը բանակցային գործընթացի վերաբերյալ, ուր վերջինս նշում է, որ Մինսկի խումբը, որը ստեղծվել է հակամարտությունը միջնորդելու համար Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի համանախագահությամբ, կողմնակալ է, և որ Թուրքիան, որին Ալիեւը տալիս է համաշխարհային տերություն որակումը Սիրիայում, Լիբիայում և այլ միջազգային հակամարտություններում ներգրավվածության պատճառով, անկախ է և պետք է ընդգրկվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

Հոկտեմբերի 9-ին The Washington Post-ը հրապարակեց լրագրող Ջեյսոն Ռեզայանի հեղինակային հոդվածն, ուր վերջինս պնդում է, որ այս հակամարտությունում կամ կողմերը կհանգեն կարգավորման խոշոր տերությունների միջնորդությամբ կամ արյունահեղեությունը կշարունակվի: Ըստ հեղինակի՝ Միացյալ Նահանգները դեռևս սահմանափակվել է մի քանի հայտարարություններով, սակայն առանց ամերիկյան դիվանագիտական ներգավվածության, դժվար է պատկերացնել տևական խաղաղություն հակամարտության շուրջ, քանի որ տերություններից ոչ մեկը, որոնք ազդեցություն ունեն, մասնավորապես ՝ Թուրքիան, Իսրայելը, Ռուսաստանը և հավանաբար` Իրանը, չեն կարող հստակ չեզոքություն պահպանել:

Իր հերթին բրիտանական BBC-ին տարածել է մոտ 5 րոպեանոց տեսանյութ Լեռնային Ղարաբաղի եկեղեցիներում պատսպարված բնակչության մասին՝ ՛՛Քաղաքացիական բնակչությունն ու եկեղեցիները կրակի տակ են՛՛ վերնագրով: Լրատվական գործակալությունը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության կեսը տեղահանվել է ռազմական գործողությունների արդյունքում: Հակամարտության երկու կողմից կան զոհեր խաղաղ բնակիչների շրջանում, իսկ մոսկովյան հրադադարի կնքումից ժամեր անց կողմերը սկսել են միմյանց հրթիռակոծել: Լրատվամիջոցը նշում է ՝ սա կրոնական պատերազմ չէ, բայց շատ հայեր պատսպարվում են եկեղեցիներում և վախենում հրթիռակոծումներից:

Գերմանական Deutsche Welle լրատվականն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության տնտեսական հետևանքներին՝ ընդգծելով, որ այն կարող է տարածաշրջանում զգալի տնտեսական վնաս հասցնել: Լրատվականը չի բացառել, որ կթիրախավորվեն երկու երկրների էներգետիկ ենթակառուցվածքները՝ նշելով, որ Ադրբեջանը մեղադրել է հայկական կողմին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեջ, իսկ Երեւանը պնդում է, որ դա «բացահայտ սուտ է»: DW-ի կարծիքով պատերազմին կարող են ուղակի ներքաշվել տարածաշրջանային տերությունները. Թուրքիան, որը Ադրբեջանի ամենամոտ դաշնակիցն է, և Ռուսաստանը, որը բարեկամական հարաբերությունների մեջ է երկու կողմերի հետ և անվտանգության պայմանագիր ունի նաև Հայաստանի հետ: Պարբերականն ընդգծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է օգտագործել հակամարտությունը՝ Երևանին տնտեսապես ավելի կախյալ դարձնելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG