ԱՄՆ-ի Դաշնային դատավորներից մեկը կայացրել է որոշում, ըստ որի Թեքսաս նահանգում ընտրողների համար կհատկացվեն մեծ թվով վայրեր, որտեղ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ նրանք կկարողանան քվեարկել հեռակա կարգով:
ԱՄՆ-ի մարզային դատավոր Ռոբերտ Փիթմանը ուրբաթ օրը որոշում կայացրեց ընդդեմ Թեքսասի նահանգապետ Գրեգ Էբոտի հրամանի, ըստ որի նախատեսված էր յուրաքանչյուր մարզի համար բացել միայն մեկ տեղամաս: Հանրապետական Էբոտը ասում է, որ քվեատուփերի սահմանափակումը նպատակ ուներ խոչընդոտել քվեարթերթիկներում հնարավոր կեղծիքները: Դատավորի վճիռն արձակվել է այն բանից հետո, երբ քվեարկությունն արդեն սկսվել էր:
Փիթմանն իր 46 էջանոց որոշման մեջ գրել է. «Մեկ մարզի համար միայն մեկ ընտրատեղամաս հաստատելու դեպքում նահանգում բնակվող տարեց և հաշմանդամ ընտրողները ստիպված էին լինելու անցնել դեպի ավելի մարդաշատ հատվածներ, որտեղ նրանց կսպառնար կորոնավիրուսով վարակվելու ավելի մեծ վտանգ»:
ԱՄՆ-ում հեռակա քվեարկությունն ունի երկար պատմություն, բայց այս տարի հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը և հանրապետական օրենսդիրները կտրականապես դեմ են դրան:
Դեռեւս պարզ չէ, թե արդյոք Էբոտը կբողոքարկի վճիռը, թե ոչ: