ԱՄՆ-ի նախագահը շաբաթ օրը քաղաքական հավաք է կազմակերպել Սպիտակ տանը: Կորոնավիրուսով վարակվելուց ի վեր սա Թրափի առաջին հանդիպումն է լինելու հասարակության հետ:
Այսօր, երբ բազում հարցեր են հնչում Թրամփի առողջական վիճակի վերաբերյալ, նախագահը պատրաստվում է նախագահական պալատի պատշգամբից ողջունել իր աջակիցներին, միջոցառում, որը նրա վարչակազմի անդամներն անվանում են ‘’խաղաղ ցույց` հօգուտ օրենքի գերակայության’’:
Բոլոր ներկաներից այս անգամ պահանջվում է կրել դիմակներ եւ պահպանել սոցիալական հեռավորություն: Հյուրերը հանձնելու են ջերմության թեստ եւ լրացնելու են հատուկ պատրաստված հարցաթերթիկներ:
Այսպիսով, այս միջոցառումը մեծապես է տարբերվելու սեպտեմբերի 26-ին Վարդերի պուրակում անցկացված հավաքից, որի ժամանակ ներկա 200 անձանցից շատերի մոտ էր ավելի ուշ հայտնաբերվել կորոնավիրուս: Այդ պատճառով այդ օրվա միջոցառումն այսօր անվանում են ‘’կորոնավիրուսի տարածող’’: Այդ միջոցառումից հետո էր, որ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք ցույց տվեց նաեւ նախագահ Թրամփի ու նրա տիկնոջ մոտ:
ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոններն առաջարկում են, որ դիմակներ կրեն նաեւ կորոնավիրուսից բուժված անձինք:
ԱՄՆ-ի նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդընն էլ իր քարոզարշավը շարունակում է Փենսիլվանիա նահանգի Էրի քաղաքում:
Բայդընն այստեղ հանդիպումներ է ունենալու գործարար աշխարհի ներկայացուցիչների, արհեստակցական միությունների ու տարբեր համայնքների անդամների հետ: Սակայն ինչպես Դեմոկրատական կուսակցությունն է հայտարարել, ԱՄՆ-ում կորոնավիրուսի տարածման պատճառով, այս միջոցառումները չեն լինելու մարդաշատ: