Մատչելի հղումներ

Ռուսաստանյան լրատվամիջոցների լուսաբանումն ու Կրեմլի դիրքորոշման առանձնահատկությունը Լեռնային Ղարաբաղի պատերազմում


Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ից սկսված լայնածավալ ռազմական գործողությունների լուսաբանումը ռուսական լրատվամիջոցներում և անդնադարձները հանրային մի շարք անձանց կողմից թերևս արտացոլում եմ ՌԴ-ում առկա տեսակետների, շահերի և կարծիքների բազմազանությունը: Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի գնահատմամբ, այս բազմազանության առկայությունը խոսուն ինդիկատոր է:

Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է. «Եթե Կրեմլը որևէ խնդրի շուրջ ինչ-որ որոշում է կայացնում և այդ որոշումն, այսպես ասած, իջեցվում է ներքև, տեսակետների նման բազմազանություն երբեք չի լինում: Այսինքն պատկերացնել որևէ լոբբիների բախում, օրինակ, պարոն Կիադիրովին կամ ՌԴ օլիգարխների հետ պարոն Պուտինի կապերին վերաբերող խնդրի շուրջ, անհնար է, դա արգելված է: Սրանից կարելի է եզրակացնել, որ Արցախի շուրջ կատարվող իրադարձությունների կարևորությունը Ռուսաստանի համար մեծ չէ, որ դրանց վերաբերյալ հրաման չի եղել, չկա մշակված կարծիք, որը Ռուսաստանը ցանկանում է միասնական տեսքով հասցնել աշխարհին և իր բնակչությանը»:

Քաղաքագետ Էդգար Էլբակյան. «Ոչ միայն Հայաստանում, առհասարակ, թյուր կարծիք կա, թե ռուսական վերնախավը և նրա ներքո գործող լրատվամիջոցները մոնոլիտ են, բոլորը մեկ կենտրոնից մեկ տեսակետ: Այդպես չէ, անգամ վերնախավի տարբեր խմբերի դեպքում, ուր մնաց լրատվամիջոցների: Այնպես որ մեկ միասնական լրատվական մոտեցում, մեկ միասնական նարատիվ ես չեմ տեսնում»:


Ռուսական լրատվամիջոցների ռեպորտաժներում և թոք շոուների ընթացքում հայկական և ադրբեջանական կողմերի տեսակետները ներկայացված են եղել գրեթե հավասար կերպով,
վերլուծական նյութերում դժվար է գտնել բացահայտ ադրբեջանամետ կարծիք, ավելի շուտ հակառակը, շատ հրապարակումներում կատարվածը որակվում է որպես ադրբեջանական ագրեսիա և բաց քննարկվում է Թուրքիայի ներգավվածությունը:

Օրինակ՝ դաշնային Առաջին ալիքի Время покажет հողորդման հոկտեմբերի 2-ի թողարկման ընթացքում հաղորդավարի սուր հարցադրումը բավականին բարդ դրութան մեջ դրեց ադրբեջանցի հյուրին.

ՄԵՋԲԵՐՈՒՄ. «Երբ Լեռնային Ղարաբաղին վերաբերող` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարությանը, որում կոչ է հղվում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, պատասխանում է Թուրքիայի նախագահը, ինձ մոտ հարց է առաջանում. նա այդ կոչին արձագանքում է իբրև ո՞վ: Ի՞նչ աստիճանի է նա ազդում այս իրավիճակի շարունակման վրա, եթե պատասխանում է այդ կոչին»:

Համացանցի հայ օգտատերերի շրջանում զայրույթ էր առաջացրել RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հերթական գրառումն իր Տելեգրամ ալիքում. «Մոսկովյան հյուրասենյակներում քննարկում են, որ Հայաստանը կամ դատապարտված է վերադառնալ Ռուսաստանի մոտ, կամ դատապարտված է»:

Մինչդեռ հայտնի հաղորդավարուհի, լրագրող Քսենիա Սոբչակն իր Յութուբյան ալիքում անդրադառնալով իրադարձություններին, քննադատել է Կրեմլի չեզոք դիրքորոշումը:

ՄԵՋԲԵՐՈՒՄ. Քսենիա Սոբչակ. «Ռուսաստանն առաջին անգամ ակնհայտորեն չի միջամտում ի պաշտպանություն Հայաստանի: Կրեմլում դա հավանաբար ոչ ձեռնտու են համարում: Ամեն ինչ այնպես է, ինչպես 100 տարի առաջ. հարուստ նավթային Ադրբեջանն աղքատ Հայաստանից կարևոր է: Հատկապես որ այնտեղ հիմա Փաշինյանն է, ով, Կրեմլի լեզվով ասած, անհավատարիմ է գտնվել և սեթևեթել է Եվրամիության հետ: Ուստի իրավիճակը Հայաստանի համար նպաստավոր չէ, քանզի Ռուսաստանն առաջին անգամ միանշանակ պատասխան չի տալու, այլ խուսանավելու է: Գժտվել Ալիևի Ադրբեջանի ու հատկապես էրդողանի Թուրքիայի հետ հանուն Փաշինյանի Հայաստանի Կրեմլում պարզապես չեն ցանկանում: Ինձ թվում է, դա տխուր է: Փոքրիկ և ոչ հարուստ Հայաստանն Անդրկովկասում Ռուսաստանի վերջին դաշնակիցն է: Հենց այն կարող է դառնալ ամենավառ օրինակը, որ «Յուրայիններին չենք լքում» արտահայտությունն ինչ-որ ուրիշ յուրայինների մասին է, ինչ-որ VIP յուրայինների»:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 7-ի արձագանքն իր շեշտադրումներով թերևս, վերահաստատեց նախորդ օրերի լռությամբ նրա կողմից ուրվագծած դիրքորոշումը:

Քաղաքագետ Էդգար Էլբակյան. «Տեղ-տեղ բառացի էլ ասվեց, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և դա նշանակում է դաշնակցային պարտավորություններ և ներկազմակերպչական պարտավորություններ նաև Ռուսաստանի համար, բայց այս պահին ռազմական գործողությունները չեն ընթանում ՀՀ տարածքում: Իսկ մնացած մասով էլ ...մենք ցավում ենք, մարդկային զոհեր կան, երեք տարածքներում ապրող մարդիկ էլ մեզ հարազատ մարդիկ են, այսինքն կարծում եմ, ամեն ինչ շատ պարզ նշվեց, որ մի կողմից, այո, մենք սա համարում ենք մեզ համար հարազատ տարածք, իսկ իրականում պետք է կարդալ «ազդեցության տարածք», բայց մյուս կողմից չենք պատրաստվում միջամտել, քանի դեռ գործողությունները ՀՀ-ի տարածքում չեն»:

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը Ռուսաստանի դիրոքորոշումը Ղարաբաղյան հակամարտության մեջ ընդհանրապես և այս պահին մասնավորապես, բնորոշում է որպես «ներգրավված սպասում»:
«Ռուսաստանի համար արժեք են ներկայացնում և Հայաստանը, և Ադրբեջանը` տարբեր ձևերով ու պատճառներով, բայց ներկայացնում են: Ուստի այս հակամարտության մեջ ընդհանրապես, ոչ միայն տվյալ պահին, Ռուսաստանի ընտրությունն ընտրություն չկատարելն է: Քանզի Հայաստանի և Ադրբեջանի միջև ընտրությունը, հատկապես միանշանակ ընտրությունը, կարող է բերել ռուսական ազդեցության համար առնվազն մեկ, իսկ հնարավոր է նույնիսկ երկու երկրների կորստին»,-ասել է նա:

Քաղաքագետի խոսքով, Ռուսաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել միայն այն դեպքում, եթե իրավիճակն աղետալի զարգացում ստանա: Աղետալի ոչ թե տարածաշրջանի, այլ դրանում Ռուսաստանի շահերի համար:


XS
SM
MD
LG