Մատչելի հղումներ

Վերադարձ նախապատերազմական վիճակին անհնար է. Վերլուծաբանները ՀՀ, ՌԴ ու Ադրբեջանի մոսկովյան խորհրդակցությունների մասին


Մոսկվայում ՀՀ, ՌԴ ու Ադրբեջանի արտգործնախարարները քննարկեցին զինադադարի հնրաավորությունը: Փորձագիտական շրջանակները անդրադարձել են ստեղծված կացությանը

Մոսկվայում մեկնարկել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի արտգործնախարարների խորհրդակցությունները՝ մարդասիրական հրադադարի հաստատման շուրջ: Նախօրեին դրա մասին որոշումը կայացվել է ՌԴ նախագահ Պուտինի ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ մի շարք քննարկումներից հետո: Դրա մասին տեղեկությունը հաստատել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ով տեղեկացրել է, որ ՌԴ նախագահը հոկտեմբերի 8-ի օրվա երկրորդ կեսից մինչև ուշ երեկո աշխատել է Բաքվի և Երևանի հետ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։

«Դրա արդյունքում երեկոյան տարածվեց նախագահ Պուտինի հայտարարությունը, որով նա կոչ էր անում կողմերին մարդասիրական նպատակով հրադադար հաստատել՝ գերիների փոխանակման ու զոհվածների աճյունները դուրս բերելու համար», - հայտնում է Պեսկովը։

Վերլուծական շրջանակները քննարկում են, թե ինչ ակնկալիքներ կան զինադադարի շուրջ բանակցություններից և որոնք են կողմերի համար ընդունելի սահմանագծերը: Քարնեգի հաստատության ավագ վերլուծաբան Թոմ դե Վաալի կարծիքով իրավիճակը շարունակում է մնալ խնդրահարույց: Ըստ նրա՝ հասկանալի են հայկական կողմի անվտանգության և զինադադարի անհրաժեշտության մտահոգությունները: Միևնույն ժամանակ, ըստ նրա, հասկանալի են նաև ադրբեջանական կողմի ստատուս-քվոյի բացառման և ավելի ակտիվ քաղաքական գործընթացի անհրաժեշտության շուրջ տեսակետները: Կողմերի հռետորաբանությունը կարևոր խոչընդոտ է: Նա չբացառեց նոր արյունալի բախումներ մոտ ամիսներին:

՛՛Հասարակությունների միջև ատելությունը լուրջ խնդիր է: Առաջնորդներն իրական զինադադարին զուգահեռ պետք է իրենց խոսքը կառուցեն զինադադարի հռետորաբանության վրա: Միջազգային հանրությունը ևս այստեղ ունի դերակատարում: Այն պետք է հստակ շեշտի կողմերին, որ ատելության հռետորաբանությունն անընդունելի է, և կողմերը պետք է ցուցադրեն, որ ի վիճակի են ապրել խաղաղ կողք կողքի՛՛,- ասել է դե Վաալը:

Միջազգային հարաբերությունների հաստատության տնօրեն, եվրոպացի վերլուծաբան Նաթալի Թոչին գտնում է, որ կարևոր է հասկանալ, թե ինչ պայմանների պարագայում Բաքուն կդադարեցնի ռազմական գործողությունները: Միևնույն ժամանակ կարևոր է, որ դա ճանապարհ հարթի դեպի առարկայական խաղաղ բանակցություններ այնպիսի պայմանավորվածությամբ, որն ընդունելի լինի հայկական կողմի համար: Դեռևս պարզ չէ, ըստ նրա, թե որտեղ է անցնում երկու կողմերի համար ընդունելի սահմանը:

՛՛Ռուսաստանը շարունակում է մնալ միակ կողմը, որն ունի ամենահստակ պատկերացումներն այս կապակցությամբ՛՛,- եզրակացնում է վերլուծաբանը:

Իր հերթին Քարնեգի հիմնադրամի մոսկովյան կենտրոնի տնօրեն Դմիտրի Տրենինը վստահ է, որ Մոսկվայի համար սահմանագիծն է ջիհադիստների ներկայության հարցը հակամարտության գոտում: Դա կարևոր շարժառիթ է Մոսկվայի համար՝ ձգտելու կրակի դադարեցմանը, ուստի ՌԴ ճնշում կգործադրի երկու կողմերի վրա կրակի դադարեցման հարցում, գտնում է փորձագետը: Դրա հետ մեկտեղ նա վստահ է՝ վերադարձը նախապատերազմական ստատուս-քվոյին ընդունելի չէ Ադրբեջանի համար:

՛՛Մի քանի դատարկ գյուղերի գրավումն այս վերջին հարձակման ընթացքում բավարար չէ հաղթանակ հռչակելու համար, ուստի անհրաժեշտ է որևէ այլ բան ևս՛՛,- ասում է Տրենինը:

Ստեղծված կացության մեջ, ըստ վերլուծաբանի, Մոսկվան կձգտի հասնել նրան, որ Ադրբեջանը դադարեցնի հարձակումը, իսկ հայկական կողմը գնա որոշակի իրական զիջումների բանակցային գործընթացի շրջանակում: Հնարավոր չէ վերադարձը սեպտերբերի 27-ից առաջ եղած իրավիճակին, եզրակացնում է վերլուծաբանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG