Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը պիտի գործուն դեր ունենա միջազգային հարթակներում, անկախ նրանից, թե ով է նախագահը


Նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն արդեն հնացած է, քանի որ, ըստ նրա, այն չի զբաղվում ահաբեկչության դեմ պայքարով:

Դա անհանգստության ալիք բարձրացրեց Ռուսաստանի վտանգից արդեն իսկ անհանգստության մեջ գտնվող ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների շարքում:

Սակայն 2017 թվականին Թրամփի ձայնի երանգը փոխվեց: ‘’Այժմ նրանք պայքարում են ընդդեմ ահաբեկչության: Ժամանակին ասել եմ, որ հնացած է, այժմ ասում եմ, որ այլեւս հնացած չէ’’, հայտարարել էր ԱՄՆ-ի նախագահը:

Ինչպես վերլուծաբաններն են ասում, Եվրոպայում ԱՄՆ-ի դաշնակիցներն ուզում են ԱՄՆ-ին տեսնել որպես վստահելի գործընկեր, որը, ըստ վերլուծաբաններից Ջուլի Նորմանի, միշտ էլ եղել է այս դաշինքում ծանրքաշայինը:

ՆԱՏՕ-ի դաշնակիցները, ըստ քերլուծաբան Այան Բոնդի, Թրամփի մրցակից Բայդընին համարում են ավելի լավ թեկնածու, եթե խոսքը վերաբերում է ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին:

Թրամփի աջակիցները հիշեցնում են, որ Թրամփի օրոք ամերիկյան զորքեր տեղակայվեցին Լեհաստանում, ինչը հետսառըպատերազմյան տարիների ընթացքում ՆԱՏՕ-ի ամենախոշորամասշտաբ տեղաբաշխումն էր: Այնպես որ, մի շարք երկրներում կցանկանային, որ պաշտոնում մնար Թրամփը:

Սակայն օրինակ Գերմանիայում Թրամփին դիտում են այլ տեսանկյունից, քանի որ նա ծրագրում է այստեղից դուրս բերել 20 հազար թվակազմով ամերիկյան ուժերը:

Ինչպես քաղաքական վերլուծաբաններից Մեթյու Փարիսն է ասում, ‘’Թրամփը բնազդային եղանակով ճիշտ քայլեր է իրականացնում մի շարք բնագավառներում: Օրինակ Չինաստանի դեմ իրականացնում է առեւտրային պատերազմ: Թրամփը ճիշտ է այն ժամանակ, երբ խոսում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից այս կազմակերպությանը ոչ համաչափ ֆինանսական հատկացումներ կատարելու մասին’’, ասում է նա:

Ամենամեծ միջատլանտյան հակասությունները կապված են եղել կլիմայական փոփոխության հարցում Թրամփի վարչակազմի վարած քաղաքականության հետ: Այս հարցում եվրոպացիներն ավելի պաշտպանում են Բայդընի թեկնածությունը:

Ռուսաստանից մինչեւ Լիբիայի ու Մերձավոր Արեւելքի հակամարտությունները եւ Թուրքիայի հետ լարվածունը համարվում են Եվրոպայի առջեւ կանգնած ամենամեծ մարտահրավերները: Եվ ԱՄՆ-ը պիտի այդ հարցերում խաղա կարեւոր դեր, անկախ այն բանից, ով կլինի հաջորդ նախագահը, Դոնալդ Թրամփը, թե Ջո Բայդընը:

XS
SM
MD
LG