Մատչելի հղումներ

Փոխնախագահի ո՞ր թեկնածուն է ավելի վստահելի, եթե պաշտոնավարման ընթացքում մահանա երկրի նախագահը


Առաջին ու միակ բանավեճը չորեքշաբթի օրն անցկացրին ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը եւ այս պաշտոնի համար Դեմոկրտական կուսակցությունից պայքարող Քամալա Հարիսը:

Բանավեճի ժամանակ Հարիսը քննադատում էր Թրամփի վարչակազմի կողմից կորոնավիրուսի դեմ իրականացված գործողությունները ու դրանք համարում ‘’Ամերիկայի պատմության մեջ աննախադեպ ձախողում’’:

Իսկ Փենսը հիշեցնում էր, որ հենց Ջո Բայդընն էր դեմ, որ Ամերիկան դադարեցներ Չինաստանից բոլոր ճամփորդությունները դեպի ԱՄՆ:

Եթե Փենսը գովում էր վիրուսի դեմ պատվաստանյութ հայտնաբերելու գործում Թրամփի մեծ աջակցությունը, Հարիսը բնականաբար քննադատում էր այդ հարցում շտապողականությունը: ‘’Եթե բժիշկներն ասեն, որ կարելի է այս կամ այն դեղն ընդունել, ես կլինեմ առաջիններից մեկը, որը կընդունի այն: Սակայն, եթե դա ասի Թրամփը, ես այդ դեղը երբեք չեմ ընդունի’’, ասաց Հարիսը բանավեճի ժամանակ:

Համաճարակի պատճառով տնտեսությունն ԱՄՆ-ում կրել է լուրջ վնասներ, սակայն Հարիսը պնդում էր բանավեճի ժամանակ, որ տնտեսության անկումը սկսվել էր դեռեւս մինչեւ համաճարակը: ‘’Չինաստանի հետ Թրամփի կողմից սկսված այսպես կոչված առեւտրային պատերազմի արդյունքում գործազուրկ է դարձել 300 հազար մարդ’’, հայտարարում էր Հարիսը:

Մայք Փենսը ծիծեղելով էր հարցնում. ‘’Պարտվե՞լ ենք Չինաստանի դեմ պատերազմում’’: Այնուհետեւ նա հայտարարում էր, ‘’Ջո Բայդընը երբեք չի էլ կռվել այդ պատերազմում ու եղել է կոմունիստական Չինաստանի համար ծափ տվողներից մեկը’’:

Մյուս գլխավոր հարցը երկու կողմերի միջեւ երկրի Գերագույն դատարանի դատավորի պաշտոնում Թրամփի նշանակած Էմի Քոունի Բարեթին էր վերաբերում:

Սակայն ինչպես վերլուծաբաններն են ասում, որքան էլ հետաքրքիր ու կարեւոր լինի փոխնախագահի պաշտոնի համար պայքարող թեկնածուների միջեւ բանավեճը, մարդիկ ընտրություններին մասնակցում են նախագահ ընտրելու համար: Այս տարի ամերիկացիները հայտնվել են մի այնպիսի իրադրության մեջ, երբ պիտի ընտրություն կատարեն ԱՄՆ-ի պատմության մեջ ամենատարեց թեկնածուների միջեւ:

Իսկ սա նշանակում է, որ փոխնախագահի երկու թեկնածուներն էլ պիտի լիովին պատրաստ լինեն ստանձնելու նախագահի պարտականությունները, եթե երկրի նախագահը մահանա նախագահի պաշտոնում: Այնպես որ ամերիկացիները փոխնախագահի թեկնածուներին եւ ընդհանրապես այս ընտրություններին պիտի նայեն նաեւ այս տեսանկյունից:

XS
SM
MD
LG