Ե՛վ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ե՛ւ նրա դեմոկրատ մրցակից Ջո Բայդընը հայտարարում են, որ անհամբերությամբ սպասում են եկող շաբաթ միմյանց միջեւ անցկացվելիք երկրորդ բանավեճին: Սակայն Թրամփի` կորոնավիրուսով վարակված լինելու փաստը վեր է հանում այս միջոցառման կանոնների շուրջ որոշ հարցեր:
Ջո Բայդընը հույս է հայտնում, որ միջոցառման համար կկիրառվեն բոլոր կանոնները: ‘’Իսկ եթե նա դեռեւս ունի կովիդ 19, ապա չպետք է հանդիպենք’’, ասել է Բայդընը:
‘’Ես անհամբերությամբ սպասում եմ Մայամիում հոկտեմբերի 15-ին նախատեսված բանավեճին’’, ասել է Թրամփն ի պատասխան:
Հիշեցնենք, որ Թրամփի մոտ անցյալ հինգշաբթի օրը հայտնաբերվեց կորոնավիրուս, որից հետո նա 72 ժամ բուժումներ ստացավ հիվանդանոցային պայմաններում: Ըստ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների, միջոցառումը, որի ժամանակ նրանք պատասխանելու են հանդիսատեսների հարցերին, կարող է հանդիսանալ վտանգ` հասարակական առողջության համար:
Նախագահական բանավեճերի հանձնաժողովը, որը հանդիսանում է շահույթ չհետապնդող կազմակերպություն, այս մասին դեռեւս հանդես չի եկել որեւէ մեկնաբանությամբ:
Առաջին բանավեճի ժամանակ մրցակից թեկնածուները միմյանցից գտնվում էին 4 մետր հեռավորության վրա, երբ սոցիալական հեռավորությունը համարվում է 2 մետրը:
Կարանտինի ընդունված ժամանակահատվածը երկու շաբաթն է: Հիշեցնենք, որ Թրամփը իր հիվանդության մասին տեղյակ էր պահել անցած ուրբաթ օրը, ինչը նշանակում է, որ 14 օրը լրանալու համար պակասում է միայն մեկ օր:
Սպիտակ տանն այս պահին կան կորոնավիրուսով վարակված պաշտոնյաներ ու աշխատակազմի այլ անդամներ, որոնց թվում են մամլո խոսնակը եւ նախագահի խորհրդականը: Առնվազն 11 մարդկանց մոտ է գրանցվել կորոնավիրուս, որոնք օգնել էին Թրամփին անցյալ շաբաթվա բանավեճին մասնակցելու աշխատանքներում:
Սպիտակ տունն այժմ հայտարարում է, որ նախագահի մոտ հիվանդության նշանները կայուն են, իսկ Փիթսբուրգի համալսարանի բժշկագիտության բաժնից Գրահամ Սնայդերի խոսքերով, ‘’Հիվանդության մեղմ տեսակով տառապող անձինք վարակիչ այլեւս չեն համարվում տասներորդ օրից հետո:
Փոխնագահ Մայք Փենսի ու այս պաշտոնի համար պայքարող նրա դեմոկրատ մրցակից Քամալա Հարիսի միջեւ բանավեճն անցկացվելու է չորեքշաբթի օրը երեկոյան, Յութահ նահանգի Սոլթ Լեյք քաղաքում: