Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը, Ճապոնիան, Ավստրալիան ու Հնդկաստանը զարկ են տալիս համագործակցությանն` ընդդեմ Չինաստանի


ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն Տոկիոյում բանակցություններ է անցկացնում Ճապոնիայի, Ավստրալիայի ու Հնդկաստանի իր պաշտոնակիցների հետ, որոնց նպատակը Չինաստանի աճող ուժի դեմ տարածաշրջանային համագործակցությունն ամրապնդելն է:

Չորս արտգործնախարարները, որոնց հաճախ անվանում են ‘’դիվանագիտական քառյակ’’, քննակում են կորոնավիրուսի համաճարակի ազդեցության հետ կապված հարցեր: Քննարկումների շրջանակում է նաեւ Ազատ եւ բաց Հնդ-խաղաղօվկիանոսյան նախաձեռնությունը, որի նպատակը տնտեսական ու անվտանգության բնագավառներում համագործակցությունն է:

Չորս դիվանագետներին պատրաստվում է ընդունել Ճապոնիայի վարչապետ Յոշիհիդե Սուգան, ինչը կդառնա նրա դիվանագիտական առաջին փորձառությունն այս պաշտոնում: Նախկին վարչապետ Շինզո Աբեն անցյալ ամիս էր առողջական պատճառներով հրաժարվել պաշտոնից:

Չինաստանը դատապարտել է ‘’քառյակի’’ հանդիպումը` այն համարելով իր զարգացման ընթացքը կասեցնելու նպատակ ունեցող փորձ: Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի է ունենում ԱՄՆ-Չինաստան լարված հարաբերությունների պայմաններում:

Փոմփեոյի այցը Տոկիո կատարվում է դեպի ասիական երեք երկրներ ծրագրված շրջագայության շրջանակներում, որի ընթացքում նա լինելու էր նաեւ Մոնղոլիայում ու Հարավային Կորեայում: Սակայն վերջին երկու այցերը չեղյալ հայտարարվեցին այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ հայտնաբերվեց կորոնավիրուս:

XS
SM
MD
LG