Մատչելի հղումներ

Գերագույն դատավորի հաստատման հարցն ավելի է սրում նախագահական ընտրապայքարն ԱՄՆ-ում


Այսօր, երբ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մնացել է մեկ ամսից միայն մի քանի օր ավելի ժամանակ, ընտրարշավի այս ճանապարհին ի հայտ է գալիս Գերագույն դատարանի դատավորի հաստատման հարցը: Թափուր տեղի համար Թրամփը նշանակել է Էմի Քոնի Բարեթին, որը հաստատվելու համար պետք է հանդիպում ունենա Սենատի ղեկավարների հետ: Հանդիպումը նշանակված է այս շաբաթ: Հանրապետական մեծամասնություն ունեցող Սենատը հակված է նրան հաստատելուն: Թրամփն ասում է, թե մինչեւ ընտրությունները հարկավոր է, որ դատարանում թափուր տեղեր չլինեն:

‘’Ճիշտ չի լինի, եթե ընտրությունների ժամանակ բարձրագույն դատարանն ունենա հանրապետական ու դեմոկրատ դատավորների հավասար աթոռներ’’, ասում է նա:

Թրամփը պնդում է ու նախազգուշացնում, որ փոստային ընտրությունների պատճառով կարող են գրանցվել օրինախախտումներ, ու երբ իրենք դիմեն դատարան, ձայների հավասարությունը թույլ չի տա կայացնել որոշում:

Ըստ որոշ հարցումների, ամերիկացիների 56 տոկոսը կարծում է, որ դատավորի նշանակումը պետք է կատարի եկող ընտրությունների արդյունքում հաղթող նախագահը: Նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդընն էլ կոչ է անում հանրապետականներին թույլ տալ, որ մինչեւ դատավորին հաստատելը, քվեարկողներն ընտրեն նախագահին:

Դեմոկրատ սենատորներից ոմանք ասում են, թե իրենք չեն մասնակցելու Բարեթի հետ անցկացվելիք հանդիպմանը: Սակայն ոմանք էլ, ինչպես օրինակ Դիք Դուրբինն է ասում, իրենք մասնակցելու են, որպեսզի Բարեթին ուղղեն Ամերիկային հուզող մի շարք կարեւոր հարցեր: Նրա խոսքերով, եթե անգամ Բարեթը հաստատվի դատավորի պաշտոնում, ընտրությունների արդյունքները քննելու հարցում պետք է ներկայացնի ինքնաբացարկ:

Հանրապետականներն իհարկե դեմ են նման մոտեցմանը, ինչը մեկ անգամ եւս ընդգծում է հանրապետականների ու դեմոկրատների միջեւ նախագահական ընտրապայքարում աճող լարվածությունը:

XS
SM
MD
LG