Միացյալ Նահանգներն արձագանքնել են հակամարտության լարվածության աճին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը մամլո ասուլիսի ընթացքում պատասխանել է լրագրողի հարցին՝ կապված ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ: Նախագահը, մասնավորապես, ասել է.
«Մենք ուշադրությամբ հետևում ենք զարգացումներին: Ես տեղեկացա դրա մասին այսօր և երեկ: Մենք այդ տարածաշրջանում ունենք շատ լավհարաբերություններ: Տեսնենք, թե կկարողանանք արդյոք դադարեցնել բախումները»:
Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մորգան Օրտագուսը հանդես է եկել հայտարարությամբ հայ-ադրբեջանական վերջին բախումների վերաբերյալ, ուր ընդգծել է, որ Վաշինգտոնն անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության շփման գծի երկայնքով լայնածավալ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով, որոնք հանգեցրել են զգալի զոհերի, ներառյալ խաղաղ բնակչության շրջանում: Ցավակցություն հայտնելով զոհվածների և վիրավորների ընտանիքներին՝ ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակն ընդգծել է, որ Միացյալ Նահանգներն ամենախստագույն կերպով դատապարտում է լարվածության այս աճը: Նա տեղեկացրել է, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բեգոնն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Բայրամովի և Մնացականյանի հետ, որի ընթացքում հորդորել է կողմերին անհապաղ դադարեցնել կրակը, օգտագործել ուղիղ հաղորդակցության միջոցները, զերծ մնալ հետագա սրացումից և վնասարար հռետորաբանությունից ու գործողություններից, որոնք կարող են նպաստել լարվածության աճին:
Միացյալ Նահանգները կարծում է, որ դրսի ուժերի մասնակցությունը ուժի կիրառման աճին խորապես անօգտակար է և միայն կնպաստի տարածաշրջանային լարվածությանը: Խոսնակ Օրտագուսն իր հայտարարության մեջ կողմերին հորդորել է աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ՝ հնարավորինս շուտ առարկայական բանակցություններին վերադառնալու համար և ընդգծել, որ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր ԱՄՆ- ը պատրաստակամ է շարունակել օժանդակությունը կողմերին՝ հակամարտության խաղաղ և կայուն կարգավորմանը հասնելու համար:
Իր հերթին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է՝ եկել հայտարարությամբ հակամարտության սրացման վերաբերյալ: ՌԴ ԱԳՆ ևս կոչ է արել դադարեցնել կրակը և բանակացություններ սկսել իրավիճակի կայունացման համար: Արտգործնախարար Լավրովը առանձին հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում իր խորին մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այս հարցով արտգործնախարար Լավրովը զրուցել է նաև Թուրքիայի իր գործընկեր Մևլութ Չավուշօղլու հետ, որի ընթացքում կողմերն ընդգծել են կրակի դադարեցման և իրավիճակի կայունացման կարևորությունը: Բացի այդ, սեպտեմբերի 27-ին ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը հեռախոսազրույցում քննարկել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Զրույցը, ըստ Կրեմլի, կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ, որի ընթացքում Մոսկվան խորը անհանգստություն է հայտնել ռազմական լայնածավալ գործողությունների վերսկսման կապակցությամբ: Նշվել է, որ կարևոր է անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն՝ առճակատման հետագա սրացումը կանխելու և ռազմական գործողությունները դադարեցնելու համար:
Լարվածության աճի կապակցությամբ իր մտահոգությունն է հայտնել նաև Ֆրանսիայի արտգործնախարարությունն ի դեմս իր մամլո խոսնակի հայտարարության: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական ռազմական բախումների հետ կապված հարցեր: Մակրոնը խորը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և անթույլատրելի համարել լարվածության հետագա խորացումը: Նա անհրաժեշտ է համարել ձեռնարկել բոլոր միջոցները ռազմական գործողությունները դադարեցնելու և լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ՝ կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի ակտիվացումը տարածաշրջանում՝ խաղաղություն վերահաստատելու համար:
Հայ-ադրբեջանական շփման գծում կրակի դադարեցման ու բանակցությունների վերսկսման կոչով հանդես են եկել նաև այլ երկրներ, ներառյալ Գերմանիան, Լեհաստանը, Վատիկանը, Իրանը, Ուկրաինան, Էստոնիան: Վերջինս որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, խոստացել է նախաձեռնել խորհրդակցություններ` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադարձությունները քննարկելու համար, հայտնել է Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեինսալուն ֆեյսբուքյան իր էջում:
Ադրբեջանին իր աջակցության մասին է հայտնել Թուրքիան: Երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը թվիթերյան գրառմամբ աջակցություն է հայտնել Բաքվին և Երանին մեղադրել հարձակման մեջ: Դրանից առաջ իր խոսնակը Հայաստանին է մեղադրել զինադադարը խախտելու ու քաղաքացիական օբյեկտներ թիրախավորելու մեջ: Իր հերթին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ ՛՛Կովկասյան տարածաշրջանում կայունության և խաղաղության հիմնական խոչընդոտը Հայաստանի թշնամական դիրքորոշումն է՛՛, իսկ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ով առանձին հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի արտգործնախարարի հետ, իր թվիթերյան գրառման մեջ գրել է, որ Թուրքիան կանգնած է Ադրբեջանի կողքին թե ռազմի դաշտում և թե դիվանագիտական ասպարեզում ու որ Հայաստանը հատել է թույլատրելիի սահմանը և այժմ ստանում է իր պատասխանը ռազմի դաշտում:
Ադրբեջանին աջակցություն է հայտնել նաև Պակիստանը, որը մեղադրել է Հայաստանին Ադրբեջանի տարածքները հրթիռակոծելու և իրավիճակը սրելու մեջ:
Հիշեցնենք, որ ժողովրդին ուղղված իր ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ է արել ՛՛գործադրել ազդեցության բոլոր լծակները՝ զերծ պահելու Թուրքիային հնարավոր բոլոր միջամտություններից, ինչը վերջնականապես կապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում:՛՛ Նա նաև նշել է, որ ՛՛Թուրքիայի ագրեսիվ վարքագիծը, որը խիստ վտանգավոր դրսեւորում ունեցավ հատկապես հուլիսյան դեպքերի ժամանակ եւ շարունակվում է այսօր, լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Թուրքիայի նման վտանգավոր կեցվածքի պահպանումը ամենակործանարար հետեւանքներով է հղի Հարավային Կովկասի եւ հարակից տարածաշրջանների համար: Միջազգային հանրությունը պետք է միասնական ջանքերով կանխի դեպքերի վտանգավոր զարգացումը եւ տարածաշրջանը զերծ պահի ապակայունացնելու բոլոր փորձերից՛՛, ասել է Հայաստանի վարչապետը:
Բացի այդ, հայ-ադրբեջանական հակամարտության լարվածության աճին արձագանքնել են միջազգային քաղաքական և ռազմական դաշինքներն ու կառույցները:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խստորեն դատապարտել են ուժի գործադրումը, կողմերին կոչ արել դադարեցնել կրակը, միջոցներ ձեռնարկել՝ իրավիճակը կայունացնելու համար՝ ընդգծելով, որ հակամարտության կարգավորման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են:
Մինսկի խմբի համանախագահների կոչին հետևել է Եվրամիության արտաքին հարաբերությունների ու անվտանգության հարցով բարձր ներկայացուցչի Ջոզեֆ Բորելի և Կովկասում և Կենտրոնական Ասիայում Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի առանձին հայտարարությունները, ուր Բրյուսելի քաղաքական և անվտանգության դաշինքների ներկայացուցիչները կոչ են արել հակամարտության կողմերին դադարեցնել կրակն ու նստել բանակցությունների սեղանին Մինսկի խմբի ձևաչափի ներքո: ԵՄ բարձր ներկայացուցիչ Բորելը նաև հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ:
Իր հերթին ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը տեղեկացրել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից այդ պահի դրությամբ որևէ դիմում չի ստացել: Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ միշտ հանդես Է եկել հակամարտության խաղաղ կարգավորման օգտին՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցային գործընթացը համարելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգայնորեն ընդունված մեխանիզմ:
Այս ընթացքում մեկ այլ հայտարարությամբ է հանդես եկել Վաշինգտոնում տեղակայված Ամերիկյան պետությունների կազմակերպությունը, որն իր հերթին դատապարտել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ռազմական ագրեսիայի համար: Կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմարգոն կոչ է արել Բաքվին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները Մինսկի խմբի հովանու ու միջազգային իրավունքի դրույթների ներքո:
Facebook Forum