Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփը նշանակեց Գերագույն դատարանի նոր դատավորին


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Գերագույն դատարանի դատավորի թափուր տեղի համար ներկայացրեց Էմի Քոնի Բարեթի թեկնածությունը: Դատավորի աթոռը թափուր էր մնացել Ռութ Բեյդեր Գինսբուրգի մահից հետո: Բարեթին այս պաշտոնում նշանակելու փաստով ԱՄՆ-ի նախագահը Գերագույն դատարանն ավելի պահպանողական է դարձնում նախագահական ընտրություններից 38 օր առաջ:

Թրամփի խոսքերով, եթե Բարեթին Սենատը հաստատի այս պաշտոնում, նա կդառնա երկրի բարձրագույն դատարանում ծառայող առաջին կին դատավորը, որն ունի դպրոցահասակ երեխաներ:

Վճռաբեկ դատարանի պահպանողական դատավոր Բարեթի թեկնածությունը քննարկվում էր Բարբարա Լագոայի անվան հետ միասին, սակայն Բարեթի նշանակումը թվում էր ավելի հավանական:

Հիշեցնենք, որ ե՛ւ Բարեթը ե՛ւ Լագոան վճռաբեկ դատարաններում դատավորներ են նշանակվել Թրամփի հրամանով:

Գերագույն դատարանի թափուր տեղն արագ լրացնելու Դոնալդ Թրամփի մտադրությունը դարձել է խնդրո առարկա Կոնգրեսում, որտեղ դեմոկրատները պահանջում են նշանակումը հաստատել նախագահական ընտրություններից հետո: Հանրապետական մեծամասնություն ունեցող Սենատը սակայն, ամենայն հավանականությամբ Թրամփի որոշումը կհաստատի մինչեւ նախագահական ընտրությունները:

Գերագույն դատարանի դատավորներն ԱՄՆ-ում նշանակվում են ցմահ: Մինչեւ Գինսբուրգի մահն այն ուներ 5-ը 4-ի հարաբերակցությամբ հանրապետական մեծամասնություն: Բարեթի նշանակումը Սենատի կողմից հաստատվելու դեպքում Գերագույն դատարանը կունենա մեծամասնություն` 6-ը 3-ի հարաբերակցությամբ:

XS
SM
MD
LG