Մատչելի հղումներ

Լուրեր ԱՄՆ-ից, 25 սեպտեմբերի, 2020


Միացյալ Նահանգների Գերագույն դատարան
Միացյալ Նահանգների Գերագույն դատարան

Միացյալ Նահանգներում անցավ Գերագույն դատարանի դատավոր Ռութ Գինսբուրգի հրաժեշտի արարողությունը: Լիբերալ հայացքներ կրող և սեռերի հավասարության հայտնի ջատագով ու պաշտպան, դատավոր Գինսբուրգի մարմինը տեղադրվեց ԱՄՆ Կոնգրեսում: Նա դարձավ պատմության մեջ առաջին կին և առաջին հրեան, ում հրաժեշտի արարողությունն անցավ ԱՄՆ-ի Կոնգրեսում: Ռութ Գինսբուրգը, ով Գերագույն դատարանի դատավորի պաշտոնին է նշանակվել 1993 թվականին և դարձել այդ պաշտոնը ստանձնած առաջին հրեա կին դատավորը, կյանքից հեռացավ անցած ուրբաթ 87 տարեկան հասակում: Նրա հետ հրաժեշտի արարողությանը ներկա են գտնվել բազմաթիվ բարձրաստիճան պետական ու քաղաքական գործիչներ, այդ թվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Առաջին տիկին Մելանյա Թրամփի ուղեկցությամբ, ինչպես նաեւ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդընը կնոջ հետ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը այցելեց Գերագույն դատարան, որտեղ անցնում էր դատավոր Ռութ Գինսբուրգի հրաժեշտի արարողությունը նախքան նրա մարմնի տեղափոխումը ԱՄՆ-ի Կոնգրեսի շենք: Նախագահի այցի ընթացքում այստեղ հավաքված բազմությունից, որն այստեղ էր եկել հարգանքի տուրք մատուցելու կյանքից հեռացած լիբերալ հայացների դատավորին, հնչել են վանկարկումներ և կոչեր ընդդեմ նախագահ Թրամփի: Վերջինս նախօրեին ազդարարել էր, որ շուտով կհայտնի Գերագույն դատարանում Գինսբուրգին հաջորդող նոր դատավորի անունը: Դեմոկրատներն իրենց հերթին կոչ են արել Թրամփին զերծ մնալ նշանակումից՝ այն թողնելով հաջորդ նախագահին: Նախագահը նաեւ քննադատության է ենթարկվել Գինսբուրքի վերջին ցանկությունը չհարգելու համար: Գինսբուրգը, ով նախագահ Թրամփի հետ ունեցել է բարդ հարաբերություններ, իր կյանքի վերջին օրերին ցանկություն է հայտնել, որ իրեն հաջորդած դատավորը նշանակվի հաջորդ նախագահի կողմից:

ԱՄՆ Սենատի մեծամասնության ղեկավար, հանրապետական սենատոր Միթչ Մաքքոնելը և մյուս բարձրաստիճան հանրապետականներ հինգշաբթի օրը հավաստիացրեցին, որ նոյեմբերին կայանալիք ընտրությունների արդյուքները կընդունվեն և տեղի կունենա իշխանության ձևավորման սովորական ընթացակարգ՝ հենվելով ԱՄՆ-ի Սահմանադրության վրա: Այս հայտարարությունը հակասում է օրերս նախագահ Թրամփի արտահայտած մտքին: Վերջիսն հրաժարվել էր հաստատել իշխանության խաղաղ փոխանցումը պարտության դեպքում` ի պատասխան լրագրողի հարցին և չէր բացառել, որ իր մրցապայքարը Ջո Բայդենի հետ կարող է հանգուցալուծվել Գերագույն դատարանում: Նախագահը բազմիցս ակնարկել է նախկինում հնարավոր ընտրակեղծարարությունների մասին գալիք ընտրությունների ընթացքում: Դեմոկրատները մեղադրել են Թրամփին ամերիկյան ժողովրդավարությանը սպառնալու և Գերագույն դատարանի դատավոր Գինսբուրգի հաջորդին նշանակելու հարցը քաղաքականացնելու մեջ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ -ում նախագահական ընտրությունների նախաշեմին առաջարկել է Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև համաձայնություն կնքել` միմյանց ընտրություններին կիբեր ներգրավումից զերծ մնալու պարտավորության մասին: Հիշեցնենք, որ ԱՄՆ հետախուզական գործակալությունները եզրակացրել են, որ Ռուսաստանը միջամտել է 2016 թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին: Մոսկվան հերքում է բոլոր մեղադրանքները:

Սեպտեմբերի 22-ին մեկնարկեց Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հերթական փուլը: Առցանց խորհրդակցությունների տեսքով քննարկվեցին բազմաոլորտ համագործակցության վերաբերյալ հարցեր, որոնք ներառեցին տնտեսական, էներգետիկ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցության և դրանց զարգացման հետ կապված հեռանկարները: Սեպտեմբերի 23-ին կայացած ռազմավարական երկխոսության նիստը նվիրված էր արդարադատության ոլորտի խնդիրներին ու համագործակցությանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG