Մատչելի հղումներ

ԱՄՆ Կոնգրեսում անցան Գլոբալ մեդիայի ԱՄՆ գործակալության շուրջ լսումներ


USAGM գործադիր տնօրեն Մայքլ Փաքն ԱՄՆ նախագահի առաջին նշանակումն է, ով պետք է ապահովի աշխարհում ԱՄՆ ֆինանսավորմամբ լրատվական հեռարձակումը: ԱՄՆ օրենսդիրները մտահոգություն են հայտնել, որ «Ամերիկայի ձայնը» և այլ հեռարձակողները կարող են կորցնել օտարերկրյա լսարանը նրա գործողությունների պատճառով

ԱՄՆ օրենսդիրները հինգշաբթի օրը քննարկել են Գլոբալ մեդիայի ԱՄՆ գործակալության (USAGM) նոր գործադիր տնօրեն Մայքլ Փաքի գործունեությունը նշանակումից ի վեր: Վերջինս չներկայացավ կոնգրեսական հանձնաժողովի լսումներին՝ իրեն ուղղված հարցերին պատասխանելու համար:

Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլիոտ Էնգելը քննադատեց Փաքի այս որոշումը՝ նշելով, որ վերջինիս գործունեությունը վնասում է ամերիկյան գործակալությանը, որն ունի երկկուսակցական աջակցություն: Էնգելը նշել է նաև, որ Փաքն անհարգալից վերաբերմունք ցուցաբերեց հանձնաժողովին՝ չներկայանալով լսումներին և կոչ արեց վերջինիս հրաժարական տալ այս պաշտոնից: Հակառակ դեպքում, ըստ կոնգրեսականի, նախագահը պետք է հեռացնի նրան աշխատանքից:

Մայքլ Փակը նախկինում զբաղվել է վավերագրական ֆիլմերի արտադրությամբ և ղեկավարել հանրային ալիքի հեռարձակումը: Իր նշանակման ընթացքում նա ընդգծել է, որ հարգում է լրատվական գործակալությունների խմբագրական անկախությունը՝ նշելով, սակայն, որ ամբողջ գործակալությունը հիմնվում է սոսկ այն համոզմունքի վրա, որ լրագրողներն անկախ են և չեն ենթարկվում քաղաքական ազդեցության:

Իր երկամյա հաստատման գործընթացի ընթացքում դեմոկրատները պնդում էին, որ Փաքը չարաշահել է իր ընկերությանը տրամադրած միջոցները վավերագրական ֆիլմեր պատրաստելիս, սակայն հանրապետական սենատորներն ընդգծեցին նրա հարուստ փորձառությունը: Սենատոր Ռիշը՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, նշեց, որ Փաքը բացառիկ որակավորում ունեցող մասնագետ է այս պաշտոնը զբաղեցնելու համար:

Սակայն վերջինիս որոշումները հունիսին պաշտոնը ստանձնելուց ի վեր մտահոգություն են առաջացրել երկու կուսակցությունների օրենսդիրների շրջանում:

Հանրապետական կոնգրեսական Միչ Մաքքաուլը շեշտեց, որ Փաքը անտեսել է Կոնգրեսի կամքը և սառեցրել Բաց տեխնոլոգիայի հիմնադրամի (Open Technology Fund) համար նախատեսված միլիոնավոր դոլարների ֆինանսավորումը: Հիմնադրամի առաքելությունն է ապահովել համացանցի ազատությունն աշխարհում: Ըստ կոնգրեսականի, նրա գործողությունների արդյունքում տուժել է Հոնկոնգի իրադարձությունների ժամանակ ժողովրդավարամետ ուժերին աջակցություն տրամադրելու գործընթացը: Նույնը, ըստ կոնգրեսականի, շարունակվում է Բելառուսում:

Այսօր Բաց տեխնոլոգիայի հիմնադրամը դատական հայց է ներկայացրել ընդդեմ USAGM- ի՝ պնդելով, որ վերջինս խախտել է պայմանագրերը՝ սառեցնելով 18 միլիոն ԱՄՆ դոլարի տրամադրումը:

Ըստ հիմնադրամի խորհրդի նախկին անդամ, դեսպան Քերեն Քորինբլուի՝ հիմնական նպատակն է ոչ թե ապացույցների վրա հիմնված խնդիրների կարգավորումը, այլ ավելի շուտ հիմնադրամի վարկաբեկումը, որի արդյունքում այն ստիպված է եղել դադարեցնել իր 60 ծրագրերից 49-ը:

Հունիսին Մայքլ Փաքն աշխատանքից հեռացրեց մի քանի կառույցների ղեկավարներին: Այս քայլը քննադատության ենթարկվեց սենատոր Բոբ Մենենդեսի կողմից:

Ազատություն ռադիոկայանի նախկին նախագահ Ջիմ Ֆրայի խոսքերով մինչ օրս՝ ավելի քան երեք ամիս անց, չկան նոր նշանակումներ իր ղեկավարած կառույցի և մի շարք այլ գերատեսչությունների ղեկավարների թափուր պաշտոններում: Ըստ նրա՝ Փաքի նշանակումը հանգեցրել է քաոսի և անորոշության ԱՄՆ միջազգային հեռարձակման ոլորտում: Նա մտահոգություն է հայտնում, որ այսպիսով այս գերատեսչությունները զիջում են դիրքերը տեղեկատվական դաշտում իրենց մրցակիցներին:

Ստուգումներ իրականացնելուց հետ USAGM-ը քննադատել է կառույցները՝ լրագրողներին աշխատանքի վերցնելուց ոչ պատշաճ անվտանգության ստուգումներ իրականացնելու համար: Այս հարցում որոշ հանրապետականներ աջակցել են Փաքին: Ըստ կոնգրեսական Սքոթ Փերիի, Փաքի ձեռնարկած բարեփոխումները ստացել են հասարակական արձագանք, սակայն վերջին տասնամյակների USAGM- ի ստուգման ոչ պատշաճ մակարդակը շարունակում է սպառնալ ԱՄՆ ազգային անվտանգությանը, և դրա մեղքը ամբողջությամբ, ըստ կոնգրեսականի, նրանց վրա է, ովքեր սխալ են ղեկավարել գործընթացը:

Սակայն որոշումներից մեկը երկու կողմերի օրենսդիրների կողմից ենթարկվեց խիստ քննադատության. Փաքը կարգադրել էր անվտանգության ստուգումներ իրականացնել, որի արդյունքում չի երկարացվել օտարերկրյա լրագրողների աշխատանքի իրավունքի J-1 վիզան:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շերմանը նշեց, որ ԱՄՆ այդ լրագրողներին հրավիրում է աշխատանքի որպեսզի վերջիններս ճշմարիտ տեղեկություն տրամադրեն այն երկրներին, որտեղ դրա համար կարող են սպանել կամ բանտարկել, իսկ Մայքլ Փաքը, ըստ Շերմանի, մերժում է նրանց J-1 վիզաների երկարացման դիմումը, ինչը նշանակում է, որ նրանք ենթակա են արտաքսման հենց այնտեղ, որտեղ ճշմարտության տարածումն անօրինական է:

Ամերիկայի Ձայնի առնվազն հինգ լրագրողներ հեռացել են երկրից աշխատանքի իրավունքի թույլտվության ժամկետների ավարտից հետո: Սպասվում է մինչև տարեվերջ, որ ևս 20-ը կլքեն ԱՄՆ: Փաքն իր որոշումը հիմնավորում է անվտանգության նկատառումներով` նշելով, որ լրագրողի քողի տակ կարող են թաքնվել լրտեսներ:

Դա, ըստ Ազատություն ռադիոկայանի նախկին ղեկավարի, չափազանց վտանգավոր հայտարարություն է, քանի որ Կրեմլը կարող է օգտագործել այն ընդդեմ լրագրողների:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Էնգելին ուղղված նամակում Մայքլ Փաքը նշել է, որ չի կարող ներկայանալ հանձնաժողովի լսումներին ժամանակացույցի պատճառով և իր վկայության համար առաջարկել մի քանի այլ ժամկետներ հոկտեմբեր ամսին, երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը չունի նիստեր:

Facebook Forum

XS
SM
MD
LG