ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանի և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Մեթ Մյուրեյի համանախագահությամբ կայացել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստի առցանց խորհրդակցությունների բազմաոլորտ համագործակցության վերաբերյալ նիստը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել տնտեսական, էներգետիկ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցությանը և դրանց զարգացման հեռանկարին:
Սեդրակ Բարսեղյանը ներկայացրել է ամերիկյան կողմին Հայաստանի Կառավարության գերակայությունները՝ անդրադառնալով ոլորտային ռազմավարությունների և 2020-2050թթ. Հայաստանի վերափոխման ռազմավարության կարևորությանը և առաջնահերթություններին: Փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին այս դժվարին ժամանակահատվածում Հայաստանին տրամադրվող աջակցությունն ընդլայնելու համար, որն ուղղված էր ոչ միայն կորոնավիրուսի հաղթահարմանը առողջապահության ոլորտում, այլև մյուս ոլորտներում կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանը:
Հայկական կողմից ելույթներով հանդես են եկել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի և բարձրտեխնոլոգիաների նախարարությունների ներկայացուցիչները:
ԱՄՆ կողմից համանախագահող Մեթ Մյուրեյը նիստի ընթացքում, շնորհավորելով հայկական կողմին սեպտեմբերի 21-ի Անկախության տոնի կապակցությամբ, ներկայացրել է հայ-ամերիկյան երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները, ինչպես նաև անդրադարձել Հայաստանում կանանց դերի խթանման հարցին:
ԱՄՆ ՄԶԳ փոխտնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին նիստի ընթացքում ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և Կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել համագործակցության ընդլայնման հնարավորությունները:
Ամփոփելով նիստը հայկական և ամերիկյան կողմերի պաշտոնյաները կարևորել են նման ձևաչափով քննարկումները՝ ընդգծելով դրանց արդյունավետությունը երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից:
Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստի` արդարադատության ոլորտին նվիրված երկրորդ վիրտուալ քննարկումը, որի ընթացքում Հայաստանի Հանրապետության ու Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչները վերահաստատեցին ընդհանուր նպատակներին հասնելու և քաղաքացիների կյանքը բարելավելու հարցում համագործակցելու իրենց հանձնառությունը:
Հայկական կողմից նիստը համանախագահում էր Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, իսկ Ամերիկայի ՄիացյալՆահանգների կողմից ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալ Ջորգըն Էնդրյուսը: Նիստին մասնակցում էին նաև ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը և ԱՄՆ Պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալի պաշտոնակատար Շերիլ Ֆերնանդեսը: Քննարկումը նվիրված էր արդարադատության ոլորտում համատեղ ձեռքբերումների արձանագրմանը և հակակոռուպցիոն ու ոստիկանական ոլորտի բարեփոխումներին ԱՄՆ աջակցության ընդլայնման հարցերին:
Մասնակիցները կարևորեցին այն ձեռքբերումները, որ Հայաստանն ունի կոռուպցիայի դեմ պայքարում պետական հաստատությունների ստեղծմանև ոստիկանության բարեփոխումների բնագավառներում: Երկուստեք շեշտվեց Գլխավոր դատախազությունում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով ստորաբաժանման և պարեկային ծառայության ստեղծման կարևորությունը և այդ հարցում ԱՄՆ ցուցաբերած աջակցությունը:
Facebook Forum