Ամերիկայում սգում են Գերագույն դատարանի ինը դատավորներից Ռութ Բեյդըր Գինսբուրգի մահը: Իսկ դեմոկրատներն ու հանրապետականները սկսում են նոր պայքար, նոր դատավոր նշանակելու հարցի շուրջ: Նախագահ Թրամփը փորձում է թափուր տեղը լրացնել արագ, որպեսզի հանրապետականների պակաս չլինի դատարանում, դեմոկրատները պահանջում են, որ այդ ընտրությունը կատարվի նախագահական ընտրություններից հետո, այնպես, ինչպես պատահեց Բարաք Օբամայի պաշտոնավարման վերջում:
Եթե Թրամփը դատավորի պաշտոնի համար այսօր նշանակի նոր թեկնածու, Գերագույն դատարանը ընտրություններից հետո կունենա հանրապետական մեծամասնություն, երբ քննարկման դրվի առողջապահության մասին դաշնային օրենքը:
‘’Թրամփն ուզում է պայքարել ոչ թե կորոնավիրուսի, այլ Օբամաքերի դեմ’’, հայտարարում է Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ նախագահ Նենսի Փելոսին:
Հանրապետականները պնդում են, թե թափուր տեղն արագ լրացնելը շատ կարեւոր է ԱՄՆ-ի սահմանադրական իրավունքները պաշտպանելու համար:
Երկու կողմերը գիտեն, որ նախագահական ընտրություններից հետո կարող են առաջ գալ արդյունքների շուրջ տարաձայնություններ եւ վերջնական որոշում այն մասին, թե ով է հաղթել ընտրություններում, կարող է կայացնել Գերագույն դատարանը, ինչպես պատահեց 2000 թվականին:
Այնպես որ, ընտրություններից առաջ, առաջ է գալիս Գերագույն դատավորի պաշտոնի համար մղվող մի նոր մարտ, որը կարող է վճռական լինել այն հարցում, թե որ կուսակցությունը ներկայացնող թեկնածուն ի վերջո կհաստատվի երկրի նախագահի պաշտոնում: