Անտեսելով ոստիկանության հրահանգներն ու սպառնալիքները, Թաիլանդի մայրաքաղաքում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ, միանալու համար ուսանողների կողմից սկսված ցույցերին, որոնց պահանջը նոր ընտրություններ անցկացնելն է եւ երկրի միապետության մասին օրենքների փոփոխությունը:
Կազմակերպիչները հույս ունեն, որ շաբաթ օրը սկսված ցույցերին կիրակի օրը մասնակիցների թիվը կհասնի հիսուն հազարի: Շաբաթ օրը երեկոյան ցույցերի մասնակիցների թիվը հասել էր քսան հազարի եւ կա կարծիք, որ գիշերվա ընթացքում շարքերը կխտանան:
Այստեղ են տեղակայվել ոստիկանական ութ հազար թվակազմով ուժեր: Մարդիկ ասում են, որ իրենք եկել են խաղաղությամբ եւ ժողովրդավարության կոչերով, եւ կոչ են անում ոստիկանությանը չմիջամտել:
Ցուցարարները մերժել են ցույցը չեղյալ հայտարարելու երկրի վարչապետի կոչը եւ ներկայացել դիմակներով, որպեսզի կանխվի կորոնավիրուսի տարածումը:
Ցույցի մասնակիցներն իրենց պահանջները ներկայացրել էին դեռեւս հուլիս ամսին: Նրանք պահանջում են ցրել խորհրդարանը եւ անցկացնել նոր ընտրություններ, ընդունել նոր սահմանադրություն եւ վերջ դնել քաղաքական ճնշումներին:
Նրանք պնդում են, որ վարչապետ Փրայութը, որը որպես բանակի հրամանատար, իշխանության եկավ 2014 թվականին ընտրյալ կառավարությանը տապալելով, անցյալ տարվա համընդհանուր ընտրություններում հաղթող է ճանաչվել անարդարացիորեն, քանի որ նախապես փոփոխության էին ենթարկվել օրենքներն` ի նպաստ ռազմական իշխանության:
Անցած ամիսներին իրականացված ձերբակալությունները եւ ուսանողների դեմ հարուցված մեղադրանքները չեն կարողացել մարել ժողովրդավարության կրքերն այստեղ: