Մատչելի հղումներ

Ամերիկացիներից շատերը նախագահական ընտրություններին կմասնակցեն փոստային եղանակով


Եթե ԱՄՆ-ի քաղաքացին չունի ընտրություններին մասնակցելու կարողություն, կամ ընտրատեղամաս ներկայանալու ցանկություն, նա ունի ընտրություններին հեռակա մասնակցելու իրավունք ու դրա համար` երեք հնարավորություն: Կարող է ընտրատեղամաս ուղարկել իր վստահված անձին, կարող է քվեարկել առցանց կամ փոստային եղանակով:

Ավելի քան երբեւէ, ավելի մեծ թվով մարդիկ այս տարի ԱՄՆ-ի նախագահական ընտորություններին կմասնակցեն փոստային եղանակով: Պատճառը կորոնավիրուսի պայմաններում մարդաշատ ընտրատեղամասեր այցելելուց խուսափելու հանգամանքը:

Ընտրելու իրավունք ունեցող ամերիկացիներն ընտրություններից ամիսներ առաջ իրենց տան հասցեով ստանում են ընտրելու քվեարթերթիկը: Այս եղանակով ընտրելու ցանկություն ունեցող անձինք լրացնում են այն ու վերադարձնում փոստով, կամ նետում հատուկ նախապատրաստված քվեատուփերի մեջ:

Քվեաթերթիկն ուղարկելու վերջնաժամկետները տարբերվում են նահանգ առ նահանգ ու քանի որ այս տարի մեծաթիվ նահանգներ են թույլ տվել, որ քվեաթերթիկները հասնեն նույնիսկ ընտրության օրից հետո, եթե թվագրված են մինչեւ նոյեբերի 3-ը, թերթիկների հաշվարկը սովորականից ավելի երկար կտեւի: Սա նշանակում է, որ պաշտոնական վերջնական արդյունքը կարող է հրապարակվել սովորականից շատ ավելի ուշ:

Այս տարի երեք նահանգներում բոլոր ընտրողները կստանան փոստով ընտրելու քվեաթերթիկներ: 34 նահանգներում մարդիկ կարող են իրենք ընտրել կամ չընտրել այդ եղանակը: Մի քանի նահանգներում ԱՄՆ-ի քաղաքացիները կստանան փոստով քվեարկելու համար դիմում ներկայացնելու թերթիկներ: Նրանք ընտրելու քվեաթերթիկներ կստանան այն բանից հետո, երբ լրացնեն դիմում թերթիկները ու վերադարձնեն հետադարձ հասցե ունեցող ու հետադարձի վճարը պետության կողմից կատարված ծրարներով:

Հաշվարկը ցույց է տվել, որ փոստային եղանակով ընտրություններին մասնակցելու հնարավորությունը մեծացնում է ընտրություններին մասնակցողների թիվը: Սակայն փոստային եղանակով ընտրությունները նաեւ մեծացնում են կեղծիքների դիմելու հնարավորությունը: Այս մասին է պնդում նաեւ նախագահ Դոնալդ Թրամփը, չնայած այն հանգամանքին, որ նման կեղծիքները ԱՄՆ-ում մինչ այժմ կազմել են շատ փոքր թիվ:

2016 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ քվեաթերթիկներից 33 միլիոնը, այսինքն բոլոր քվեարթերթիկների մեկ քառորդը եղել է փոստային: Այս տարի անցկացված հարցումների համաձայն, նախագահական ընտրություններին փոստային եղանակով կմասնակցի շուրջ 80 միլիոն ամերիկացի:

XS
SM
MD
LG