Սեպտեմբերի 29-ից կսկսվեն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարող երկու թեկնածուների միջեւ երեք բանավեճերը: Սակայն այդ շատ վճռական համարվող միջոցառումների ժամանակ կա եւս մեկ չափազանց կարեւոր դերակատար: Դա բանավեճը վարողն է:
Նախագահական բանավեճը վարողին հատուկ, ոչ կուսակցական հանձնաժողովն ընտրում է ամենահայտնի լրագրողների շարքից:
Օրինակ PBS կայանի լրագրողներից Ջիմ Լեհրերը վարել է նախագահական 12 բանավեճ: Բանավեճ վարելու Լեհրերի դասընթացներին մասնակցած Քեյթ Քերին պատմում է Լեհրերից ստացած կարեւոր խորհուրդների մասին: Այն մասին, որ երկար հարցերին սովորաբար հետեւում են երկարաշունչ պատասխաններ: ‘’Այդ պատճառով, հարկավոր է հարցը ձեւակերպել շատ հակիրճ, սակայն` ընդգրկուն’’, ասում է նա:
Իսկ եթե նախագահի թեկնածուն ինչ որ բան սխալ է ասում, մոդերատորի գործը չէ նրան միջամտելն ու փաստերը ճշտելը: Ինչպես Քերին է բացատրում, այդ պահին մոդերատորը պիտի ասի, ‘’Կուզենայի ձեզ տալ ձեր ասածը հստակեցնելու հնարավորություն’’:
Թեքսասի համալսարանի հաղորդակցության հարցերով պրոֆեսոր Ջենիֆեր Մերչիերան հիշեցնում է 2012 թվականին Բարաք Օբամայի եւ Միթ Ռոմնիի միջեւ բանավեճի ընթացքում մոդերատոր Քենդի Քրոուլիի կողմից Ռոմնիի արտահայտած միտքը ճշտելու պատճառով սկսված լարվածության մասին:
Այնպես որ, այս պահին իրենց փորձերն են անցկացնում այս տարվա բանավեճերի համար ընտրված մոդերատորները, ըստ բանավեճերի հերթականության` FOX News, C-SPAN եւ NBC News-ի կայանների լրագրողները:
Նախագահական բանավեճը վարողը, ինչպես փորձառու մոդերատոր Լեհրերն է ասում, պիտի խուսափի հանդիպման կենտրոնական դեմք դառնալու հնավարությունից: ‘’Եթե բոլորը մեջբերեն իմ խոսքերը, ուրեմն ես ձախողել եմ բանավեճը’’: Սա նրա ամենակարեւոր խորհուրդն է ամենակարեւոր մոդերատորների համար: