Մատչելի հղումներ

Իսրայելը, Բահրեյնն ու ԱՄԷ-ը պատրաստվում են կնքել պայմանագիր


Իսրայելում մարդիկ ողջունում են Արաբական Միացյալ Էմիրությունների ու Բահրեյնի հետ հարաբերությունները բարելավելու որոշումը: Նրանցից շատերն են ասում, որ Իսրայելի համար այն ամենակարեւոր հարցերից մեկն է այսօր:

Երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ժամանել է Վաշինգտոն, ստորագրելու համար երկու այդ երկրների հետ անցյալ ամիս ձեռք բերված համաձայնության հիման վրա կազմված պայմանագիրը: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ սեպտեմբերի 15ին ստորագրվելիք պայմանագիրը կարող է հաջողություն գրանցել Նեթանյահուի համար, որն արդեն մի քանի շաբաթ գտնվում է քննադատությունների ներքո իր երկրում կորոնավիրուսի դեմ պայքարը խելացի չծավալելու եւ տնտեսական անկման համար:

Գործարքը կարող է նաեւ բարելավել Թրամփի վարկանիշը, քանի որ համաձայնությունը կայացվել է Վաշինգտոնի գործուն միջնորդության արդյունքում:

Եթե Միացյալ Նահանգները, Իսրայելը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Բահրեյնը ողջունում են դիվանագիտական հարաբերություններում այս տեղաշարժը, այն համարելով մեկ մեծ քայլ դեպի Մերձավոր Արեւելքում խաղաղություն ու կայունություն, պաղեստինցիներն այն համարում են դավաճանություն:

Նրանք ունեն մտավախություն, որ այսպիսով թուլանում է արաբական այն միասնությունը, որը տասնամյակներ շարունակ պահանեջել է գրավյալ տարածքներից Իսրայելի հետքաշումն ու Պաղեստինյան պետության ճանաչումը: Պաղեստինցիները հիշեցնում են, որ դրանք են եղել այն պայմանները, որոնց իրագործման դեպքում արաբական երկրները կարող էին բարելավել հարաբերություններն Իսրայելի հետ:

XS
SM
MD
LG