Մատչելի հղումներ

Կալիֆոռնիայի հրդեհներ. կլիմայի փոփոխության հարցը կրկին քաղաքական օրակագում է


Մինչ ԱՄՆ-ի արևմուտքում պայքարում են անտառային հրդեհների դեմ, տեղական պաշտոնյաները նախագահին կոչ են անում անդրադառնալ կլիմայի փոփոխության խնդրին, որն, ըստ նրանց, հանգեցրել է հրդեհների ռեկորդային տարվա

ԱՄՆ-ի արևմտյան ափում շարունակվում են անտառային հրդեհները: Երկու տասնյակից ավելի մարդ է զոհվել, հազարավոր մարդիկ տեղահանվել են: Տեղի պաշտոնյաները, ներառյալ Կալիֆոռնիայի նահանգապետը, հրդեհները պայմանավորում են կլիմայի փոփոխությամբ:

Այս շրջանակներում նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի նախատեսում է այցելել Կալիֆոռնիայի մայրաքաղաք Սակրամենտո և հանդիպել հրշեջներին և տեղի պաշտոնական շրջանակների ներկայացուցիչներին:

Շաբաթ օրը Նևադա նահանգի Ռենո քաղաքում կայացած քարոզարշավի ընթացքում նախագահն, անդրադառնալով հրդեհներին, ընդգծեց անտառային տնտեսությունների արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը:

Իսկ Վաշինգտոնից և Օրեգոնից ընտրված օրենսդիրները և տեղի պաշտոնատար անձինք համաձայն չեն նախագահի հետ և հրդեհների պատճառների հիմքում են տեսնում այլ գործոններ, մասնավորապես` կլիմայի փոփոխության խնդիրը: Արևմտյան ափի որոշ պաշտոնյաներ կոչ են անում շտապ քայլեր ձեռնարկել՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարելու համար:

Վաշինգտոն նահանգի նահանգապետ Ջեյ Ինսլին կոշտ կերպով քննադատում է նախագահի դիրքորոշումն այս հարցում՝ ընդգծելով, որ այս զարգացումները պարզապես անտառային հրդեհներ չեն, այլ արդյուք են կլիմայական փոփոխությունների:

Որոշ բնապահպան ակտիվիստներ նկատում են, որ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, ով հանրապետական թեկնածու, նախագահ Թրամփի մրցակիցն է, իր նախընտրական արշավի ընթացքում կլիմայի փոփոխության հիմնախնդիրը ևս չի դարձրել առաջնայիններից մեկը: Սակայն օրերս Բայդենը հայտարարություն էր տարածել ՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել ընդդեմ կլիմայի փոփոխության:

Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը նախընտրական փուլում է, այս տարվա հրդեհներն ու բնական աղետները կարող են քաղաքականացվել՝ վերածվելով ավելի շատ քարոզչական թեմաների:

Facebook Forum

XS
SM
MD
LG