Մատչելի հղումներ

Ինչու է Իրանը նոր մեղադրանքներ առաջադրում բրիտանացի երկքաղաքացուն


Նազանին Զագարի-Ռեթքլիֆ
Նազանին Զագարի-Ռեթքլիֆ

Լրտեսության մեղադրանքով Իրանում 5 տարվա դատապարտված  Մեծ Բրիտանիայի ու Իրանի երկքաղաքացի Նազանին Զագարի-Ռեթքլիֆն առաջիկա օրերին կրկին կկանգնի դատարանի առջև: Նրա պատժի ժամկետը լրանում է հաջորդ տարվա ապրիլին, բայց նրան առաջադրվել են  նոր մեղադրանքներ, որոնք դեռևս չեն հրապարակվել

Նազանին Զագարի-Ռեթքլիֆը և նրա փոքր դուստրը 2016 թվականին ձերբակալվել են Թեհրանի օդանավակայանում ընտանիքին այցելելուց հետո: Զագարին երեքշաբթի օրը Իրանի հեղափոխության պահապանները տեղափոխել են Թեհրանի դատարան ՝ նոր մեղադրանքներ առաջադրելու համար, որոնք դեռևս չեն հրապարակվել: Նրա ամուսինն ասում է, որ դա ծանր հարված է հասցրել իրենց ընտանիքին: Նա վստահ է, որ Զագարիին այնտեղ են պահում որպես պատանդ:

Ռիչարդ Ռեթքլիֆը կարծում է, որ Իրանն իր կնոջն օգտագործում է որպես բանակցային գործիք՝ 520 միլիոն դոլար պարտքի դիմաց: Իրանի հանգուցյալ շահը` Մոհամադ Ռեզա Փահլավին, 1979 թ. Մեծ Բրիտանիային գումար է փոխանցել տանկերի խմբաքանակի դիմաց: Լոնդոնը, սակայն, այդպես էլ չի տրամադրել խմբաքանակը նույն տարվա ընթացքում շահի իշխանության տապալման պատճառով:

«Միացյալ Թագավորությունը համաձայնվեց հետ վերադարձնել 400 միլիոն ֆունտը, սակայն գործող պատժամիջոցներն անհնարին են դարձրել գումարի վերադարձը»,- ասում է անվտանգության գծով բրիտանացի վերլուծաբան Ջուլի Նորմանը:

Մեծ Բրիտանիան նույնպես չի ցանկանում Զագարի-Ռեթքլիֆի կալանքը կապել այս պարտքի հետ, քանի որ այն կարող է ապագայում խրախուսել նման պրակտիկա և մարտավարություն:

Իրանը կասկածելի մեղադրանքներով ձերբակալել է երկքաղաքացիություն ունեցող անձանց ևս մի շարք այլ արևմտյան երկրներից, այդ թվում ՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Կանադայից և Ավստրալիայից:

Ըստ վերլուծաբանների, այս պահին Իրանն իսկապես զգում է պատժամիջոցների բեռը, հատկապես ԱՄՆ կողմից սահմանված պատժամիջոցների պարագայում, և փորձում է ամեն կերպ հաղթահարել ճգնաժամը: Բացի այդ, այստեղ առկա են նաև ներքաղաքական գործոններ, քանի որ ձերբակալությունները և ազատազրկումները իրականացնում են Իսլամական հեղափոխության պահապանների զորախմբերը, որոնք Գերագույն առաջնորդի ենթակայության ներքո են:

Անցյալ տարի Մեծ Բրիտանիան Զագարի-Ռեթքլիֆին տրամադրեց դիվանագիտական պաշտպանություն, որի արդյունքում նրա գործը դարձավ պաշտոնական իրավական վեճ Լոնդոնի և Թեհրանի միջև: Սակայն Զագարիի ամուսին Ռիչարդ Ռեթքլիֆն անարդյունավետ է որակում այս զարգացումները՝ հաշվի առնելով, որ դրանք չտվեցին որևէ արդյունք, այլ ընդհակառակը՝ հանգեցրեցին նոր մեղադրանքների առաջադրմանը:

Զույգի 6-ամյա դուստրը ՝ Գաբրիելան, այժմ հայրիկի հետ ապրում է Լոնդոնում: Զագարի-Ռեթքլիֆին ժամանակավոր ազատ արձակեցին այս տարվա մարտին, քանի որ Իրանը փորձեց մեղմացնել բանտերում տիրող վիճակը` կորոնավիրուսի համավարակի հետ կապված: Նա ապրում էր Թեհրանում գտնվող իր ծնողների տանը` կրելով ոտքին տնային կալանքի համար նախատեսված վերահսկողության սարք: Սպասվում է, որ նրա նոր դատավարությունը կմեկնարկի կիրակի օրը:

Facebook Forum

XS
SM
MD
LG