ԱՄՆ-ի նախագահը հայտարարում է, որ մինչեւ նախագահական ընտրությունները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ունենալու հնարավորությունը մեծ է:
Թրամփը վերջերս նորից կանգնեց մի սկանդալի առջեւ, երբ ‘’The Atlantic’’ ամսագիրը, առանց անուններ հրապարակելու, վկայակոչեց չորս անձանց, ըստ որոնց նախագահն անհարգալից խոսքեր է ասել Փարիզի մոտակայքում գտնվող ամերիկյան գերեզմանատանը թաղված ամերիկացի զինվորականների մասին: Պարբերականի համաձայն Թրամփը նրանց անվանել է ‘’պարտվածներ’’ եւ ‘’մակաբույծներ’’, եւ չի համաձայնվել այցելել այս գերեզմանատուն` 2018-ին Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում:
Թրամփն այս մեղադրանքներն անվանում է ‘’շինծու’’ ու հերքում դրանք: Իսկ խոսելով պատվաստանյութի մասին, նա հայտարարում է, թե այն կարող է պատրաստ լինել նախատեսվածից ավելի վաղ:
ԱՄՆ-ի առողջապահության հասարակական ծառայությունների պաշտոնատար անձինք եւ ‘’Pfizer’’ ընկերությունը հայտարարել են, որ կովիդ հիվանդության դեմ պատվաստանյութը կարող է պատրաստ լինել արդեն հոկտեմբեր ամսին, այսինքն, նոյեմբերյան ընտրություններից առաջ, ինչը շատերի կարծիքով, կարող է խթան հանդիսանալ Թրամփի աջակիցների թիվն ավելացնելու համար:
Խոսելով ընտրություններում իր մրցակից Ջո Բայդընի մասին, Թրամփն ասել է, թե նա ‘’պատրաստ չէ այդ կարեւր պարտականությունը ստանձնելուն’’, իսկ նրա հետ ընտրարշավին մասնակցող, փոխնախագահի թեկնածու Քամալա Հարիսին անվանել է Կոնգրեսում ամենալիբերալ անդամը, որը, ըստ նրա, ‘’կոչնչացնի այս երկիրը եւ այս երկրի տնտեսությունը’’:
Չնայած ռասայական հարցերով հռետորաբանական մեկնաբանություններին, Թրամփը վերջերս մեղմել է իր խոսքը, նպատակ ունենալով իր կողմը գրավել նաեւ ճոճվող նահանգներին, որոնք երբեմն քվեարկում են հօգուտ դեմոկրատների, երբեմն` հանրապետականների: Խոսքը հիմնականում Փենսիլվանիա, Վիսքոնսին եւ Միչիգան նահանգների մասին է: