Մատչելի հղումներ

Կոլեսնիկովան խափանել է իրեն արտաքսելու փորձը. Լուկաշենկոն չի բացառում նոր ընտրություններ անցկացնելու հնարավորությունը


Բելառուսի սահմանային ծառայությունները հրապարակել են մի տեսագրություն, որը ցույց է տալիս, թե ինչպես է երկրի ընդդիմության առաջնորդ Մարիա Կոլեսնիկովային եւ երկու ընդդիմադիր այլ գործիչների մի ավտոմեքենայով տեղափոխում դեպի Ուկրաինայի հետ սահմանը:

Ըստ ուկրաինական կողմի մեկնաբանության, բելառուս ընդդիմադիր գործիչներ Անտոն Ռոդնենկովը եւ Իվան Կրավցովը հատել են սահմանը եւ այժմ գտնվում են Ուկրաինայում: Սակայն Կոլոսնիկովան Ուկրաինա չի ժամանել:

Ինչպես Բելառուսի սահմանապահ ծառայության մի աշխատակից է ասել, Կոլեսնիկովային բերման են ենթարկել Բելառուսի իշխանություններն այն բանից հետո, երբ խափանվել է նրան Բելառուսից արտաքսելու փորձը: Ուկրաինան հաղորդում է նաեւ, որ Կոլեսնիկովան մտածված կերպով պատռել է իր անձնագիրը, որպեսզի Ուկրաինայի սահմանային ծառայության աշխատակիցները չկարողանան իրեն թույլ տալ մուտք գործել երկիր:

Ինչպես Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Անտոն Գերաշչենկոն է ասել, Կոլեսնիկովան, որի գտնվելու վայրը նախորդ 24 ժամերին անհայտ էր, հաջողությամբ կարողացել է կանխել իրեն ‘’երկրից պարտադրաբար արտաքսելու քայլը’’:

Անցած մի քանի շաբաթների ընթացքում Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի դեմ սկսված բողոքի ցույցերի գլխավոր կազմակերպիչներից Կոլեսնիկովային Մինսկում առեւանգել էին դիմակավոր մի քանի մարդիկ, որից հետո նրա մասին տեղեկություններ չկային, մինչեւ Ուկրաինայի սահմանին հասնելը:

Լուկաշենկոն, որի իշխանությունն անցած 26 տարիների ընթացքում հայտնվել է ամենամեծ վտանգի տակ, հերքում է նախագահական ընտրությունների արդյունքը կեղծելու մասին մեղադրանքները եւ օտար երկրներին է մեղադրում իր դեմ հեղափոխություն կազմակերպելու մեջ: Իսկ իր հրաժարականը պահանջող ցույցերի մասնակիցների դեմ նա կիրառում է բիրտ ուժ, ոստիկանությանը թույլ տալով ձերբակալված անձանց ենթարկել տարբեր տեսակի տանջամիջոցների:

Կոլեսնիկովայի հետ տեղի ունեցած միջադեպից հետո Լուկաշենկոն ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ չի բացառել նոր ընտրություններ հրավիրելու հնարավորությունը, սակայն ավելացրել է, որ չի ընդունի ընդդիմության հետ բանակցելու որեւէ կոչ:

XS
SM
MD
LG