Մատչելի հղումներ

Էրդողանը սպառնում է Հունաստանին ու Կիպրոսին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Հունաստանին շաբաթ օրը հորդորել է սկսել բանակցություններ միջերկրածովյան տարածքների շուրջ, որոնք կողմերից յուրաքանչյուրը համարում է իր սեփականությունը: Բանակցություններից հրաժարվելու դեպքում Էրդողանը նախազգուշացնում է վատ հետեւանքների մասին: ‘’Նրանք կամ պիտի հասկանան քաղաքականության ու դիվանագիտության լեզուն, կամ պիտի զգան ցավոտ հետեւանքները’’, ասել է Էրդողանը:

Անկարան Հունաստանի եւ Կիպրոսի հետ ներկա պահին առնչվում է Միջերկրական ծովում գազի ու նավթի պաշարների պատկանելության հարցում առկա հակասություններով, որտեղ երեք կողմերը տեղակայել են իրենց ծովային եւ օդային ուժերը:

’Նրանք պիտի հասկանան, որ Թուրքիան ունի քաղաքական, տնտեսական ու ռազմական այն ուժը, որը կարող է պատռել անբարոյական քարտեզներն ու փաստաթղթերը’’, ասել է Էրդողանը` նկատի ունենալով այն տարածքները, որոնք, ըստ Հունաստանի ու Կիպրոսի քարտեզների, համարվում են իրենց ծովային տնտեսական գոտում:

Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան ‘’պատրաստ է ամեն մի քայլի’’: Այս ընթացքում, ինչպես թուրքական մամուլն է հաղորդում, Անկարան դեպի Հունաստանի սահմանն է ուղարկում տանկեր: Սիրիային սահմանակից Էդիրնեից Թուրքիան այս ուղղությամբ արդեն ուղարկել է 40 հրասայլ: Այս տեղակայման մասին պաշտոնական հաստատում դեռեւս չկա:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ու Հունաստանն արդեն մի քանի շաբաթ են հայտնվել Միջերկրական ծովում տարածքային պատկանելության շուրջ հակամարտության մեջ:

Անկարան հայտարարում է, որ ունի ջրային այս տարածքներում գործունեություն ծավալելու իրավունք, երբ հունական ու թուրքական ռազմաօդանավերը Էգեյան ծովի ու Միջերկրականի արեւեւլյան հատվածներում իրականացնում են միմյանց նախազգուշացնող թռիչքներ:

Ի դեպ, Միջերկրական ծովում Թուրքիան ունի մի շարք հակառակորդներ: Ֆրանսիան, Իտալիան ու Արաբական Միացյալ Էմիրությունները վերջին մի քանի շաբաթների ընթացքում իրենց մասնակցությունը բերեցին Հունաստանի ու Կիպրոսի համատեղ զորավարժություններում:

Եվրոպական միությունը, որի անդամ են Հունաստանն ու Կիպրոսը, սպառնացել է սկսել պատժամիջոցներ ընդդեմ Թուրքիայի, վերջինիս ‘’անօրինական’’ գործողությունների պատճառով: ԱՄՆ-ը այս շաբաթ հայտարարեց Կիպրոսի դեմ արդեն 33 տարի շարունակվող ռազմական բեռնարգելքը թուլացնելու որոշման մասին:

XS
SM
MD
LG