Ջեյքոբ Բլեյքը, որին ոստիկանների կողմից կրակելու արդյունքում սկսվել էին զանգվածային ցույցեր, չի ընդունել այդ դեպքից առաջ իր դեմ հարուցված մեղադրանքները:
Սեւամորթ, 29-ամյա Բլեյքը, որն այս պահին անդամալույծ վիճակում գտնվում է հիվանդանոցում, մեղադրվում է անօրինական եղանակով ուրիշի տուն ներխուժելու եւ սեռական հարձակում իրագործելու մեջ: Այս մասին իրավապահ մարմիններին բողոք է ներկայացրել նրա ընկերուհին:
Դատական այս գործը հարուցվել էր հուլիս ամսին, եւ որեւէ առնչություն չունի Վիսքոնսին նահանգի Քենոշա քաղաքում օգոստոսի 23-ին ոստիկանների կողմից նրա դեմ արձակված հրազենային կրակոցների հետ:
Հայցի հիման վրա դատավարությունը սկսվելու է այս տարվա վերջին:
Նշված կինը ոստիկաններին ասել է, որ Բլեյքը վերցրել է իր ավտոմեքենայի բանալին ու բանկային քարտը, ու դիմել փախուստի: Ըստ ոստիկանության, այս մեղադրանքների համար Բլեյքը որոնման մեջ էր մինչեւ օգոստոսի 23-ին ոստիկանների հրազենային կրակի տակ հայտնվելը:
Բլեյքը դատավարությանը մասնակցել է հիվանդանոցից ու իրեն անմեղ հայտարարել մահճակալի միջից:
Ոստիկանությունը հայտարարել է, որ մեղադրանքների համար կան բավարար հիմքեր ու գործը հանձնել դատարան:
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին ոստիկանները յոթ կրակոց են արձակել Բլեյքի վրա, երբ ձերբակալելու պահին նա փորձել է ուժով մտնել մեքենան, որի մեջ այդ պահին գտնվում էին նրա երեք երեխաները:
Քենոշայի ոստիկանությունը հայտնել է, որ Բլեյքի մոտ եղել է դանակ, սակայն հետաքննիչներն ասել են, որ դանակն ավելի ուշ հայտնաբերվել է նրա ավտոմեքենայի հատակին: Ոստիկաններին կանչել էին այստեղ մեկ այլ բռնության դեպքի առիթով:
Բլեյքին հրազենային հարվածներ հասցնելու դեպքից հետո սկսված բողոքի ցույցերի ժամանակ, որոնք վերածվել էին լայնածավալ թալանի եւ ուղեկցվում էին վանդալիզմով, հրազենային կրակոցներից սպանվել է երկու մարդ: Այս դեպքի համար մեղադրանքներ են ներկայացվել 17-ամյա մի երիտասարդի: