Մատչելի հղումներ

Թրամփի ուղեւորությունը դեպի անհանգիստ քաղաք


Անտեսելով Վիսկոնսին նահանգի ղեկավարների հորդորները, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այնուամենայնիվ այց կատարեց Քենոշա քաղաքը, որտեղ անցյալ ամիս ոստիկաններից մեկի կրակոցից մահացել էր սեւամորթ մի երիտասարդ, ու դարձել բողոքի զանգվածային ցույցերի պատճառ:

Թրամփին այստեղ դիմավորեցին նրա աջակից եւ նրա դեմ հանդես եկող ցուցարարները:

Թրամփը հանդիպում ունեցավ իրավապահ մարմինների աշխատակիցների հետ, սակայն ոստիկանների հրազենային կրակի արդյունքում անդամալույծ վիճակում հայտնված Ջեյքոբ Բլեյքի ընտանիքի անդամներին նա չտեսավ:

Թրամփը հանդես եկավ երկրում տարածվող ու բռնություններով ուղեկցվող բողոքի ցույցերն ավարտելու խոստումներով, ինչը նոյեմբերյան ընտրություններից առաջ կարող է դառնալ ռասայական լարավածությունը խորացնելու պատճառ:

Ավելի վաղ նրա կողմից արված այն հայտարարությունը, թե սպիտակամորթ մի պատանու կողմից երկու այլոց կիսաինքնաձիգ հրազենի կրակոցով սպանելու փաստը կարող էր լինել ինքնապաշտպանության միջոց, դարձել է քննադատությունների նոր թիրախ:

Ինչպես ընտրություններում Թրամփի դեմոկրատ մրցակից Ջո Բայդընն է ասում, ‘’Հրդեհը բռնկված է, սակայն ունենք մի նախագահ, որը փչում է կրակի վրա, այլ ոչ թե մարում այն’’:

Թրամփն իր կողմից դեմոկրատներին է մեղադրում բռնություններ հրահրելու մեջ, ու այն անվանում ‘’ներքին ահաբեկչություն’’:

‘’Անխոհեմ ծայրահեղ ձախ քաղաքական գործիչները շարունակում են մեր իրավապահ մարմիններին ու մեր պետությանը ռասիստներ անվանող կործանարար ուղերձներ հղելու քաղաքականությունը’’, ասել է Թրամփը:

Նախագահի կողմից նման հայտարարությունները կարող են ընտրությունների ժամանակ ակտիվացնել սեւամորթ ամերիկացիներին, որոնք սովորաբար ցուցաբերում են համեմատաբար փոքր մասնակցություն: Սակայն Թրամփին աջակից ընտրազանգվածի թիվը չի պակասում եւ արդեն տարիներ շարունակ մնում է կայուն: Վերլուծաբան Օմար Ուոսովի խոսքերով, կայուն է նաեւ Բայդընի աջակիցների թիվը եւ ընտրությունների արդյունքը մեծապես կարող է կախված լինել ոչ թե կայուն հանրապետական կամ կայուն դեմոկրատ նահանգներից, այլ ճոճվող նահանգներից, այսինքն նրանցից, որոնք տատանվում են երկու կուսակցությունների միջեւ ընտրության հարցում:

XS
SM
MD
LG