Մատչելի հղումներ

Լուկաշենկոն զգուշացնում է արյունահեղության մասին


‘’Արյունահեղություն կսկսվի, եթե ընդդիմությունը գա իշխանության’’: Այս մասին է հայտարարել Բելառուսը 26 տարի ղեկավարած նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ: ‘’Կսկսվի ոչ թե զտում, այլ արյունահեղություն: Այն ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, կարող է կրկնվել այստեղ’’, ասել է նա` փորձելով մամուլի միջոցով ներկայացնել իշխանության ղեկին իր գտնվելու կարեւորությունը: ‘’Ես ուզում եմ պաշտպանել այն, ինչը ձեռք ենք բերել անցած 25 տարիներին: Մենք այս երկիրը կառուցել ենք ավերակների վրա’’, ասել է Լուկաշենկոն, որը հերքում է զանգվածային ցույցերի մասնակիցների բողոքն այն մասին, որ նախագահական ընտրությունների արդյունքները կեղծել են հօգուտ իրեն: Լուկաշենկոն մինչ այժմ ցույց չի տալիս պաշտոնից հրաժարվելու եւ ոչ մի նշան: Նա անտեսում է նաեւ պատժամիջոցներ սկսելու Արեւմուտքի սպառնալիքը:

Լուկաշենկոն նաեւ անդրադարձել է Բելառուսի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդին երկիր մուտք գործելու իրավունք չտալու հարցին: Վերջինիս արգելել են Լեհաստանից մուտք գործել Բելառուս, չնայած բելառուսական քաղաքացիություն ունենալու փաստին:

Լուկաշենկոն ասել է, թե հարցը կքննարկվի Բելառուսի օրենքներով: ‘’Մեզ համար միեւնույն է, թե ով է նա, կաթոլիկ, ուղղափառ, թե` մահմեդական: Օրենքը գործում է բոլորի համար հավասարապես, ասել է նա:

Հիշեցնենք, որ կաթոլիկների առաջնորդ Թադեուշ Կոնդրիսիեւիչը երկրում շարունակվող բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանների կողմից իրականացված գործողություններն անվանել էր “հակաօրինական”:

XS
SM
MD
LG