Կիրակի օրը Մինսկի կենտրոնում հայտնվել էր զրահատեխնիկայի մի շարասյուն, երբ տասնյակ հազարավոր բելառուսներ բողոքի ցույց էին անցկացնում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրի մոտ ՝ պահանջելով նրա հրաժարականը:
Լուկաշենկոն, ով կիրակի օրը դարձավ 66 տարեկան, օգոստոսի 9-ին կայացած ընտրություններից հետո առերեսվում է զանգվածային բողոքի ցույցերի ու գործադուլների հետ, քանի որ հանրության զգալի հատվածը գտնում է, որ իշխանությունները կեղծել են վերջին ընտրությունները: Լուկաշենկոն հերքում է ընտրակեղծիքի մասին մեղադրանքները և բողոքի ցույցերը որակում դրսից կազմակերպված:
Բելառուսի իրավապահները շարունակում են բռնաճնշումներ և ձերբակալություններ իրականացնել երկրում: Օգոստոսի 30-ին բերման է ենթարկվել ավելի քան հարյուր մարդ: Չնայած դրան՝ զանգվածային բողոքի ցուցերը չեն դադարում: Հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոց, մասնակցում երթերի ու հանրահավաքների՝ պահանջելով Լուկաշենկոյի հրաժարականն ու նոր ընրությունների անցկացում:
«Ես եկել եմ այստեղ ՝ ընտրությունների արդյունքների հետ կապված իմ անհամաձայնությունը հայտնելու համար: Իմ համերաշխությունն եմ հայտնում կալանավորված անձանց և քաղբանտարկյալներին: Ես աջակցում եմ խաղաղությանը, Բելառուսին, բայց ոչ Լուկաշենկոյին»,- ասում է ցուցարներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ:
Իր հերթին կիրակի օրը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով ճանաչել է Բելառուսի ընտրությունները, հեռախոսազրույց է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որի ընթացքում շնորհավորել է վերջինիս ծննդյան օրվա տարեդարձի կապակցությամբ ու, օգտագործելով այդ առիթը, Լուկաշենկոյին հրավիրել է Մոսկվա:
Եթե Եվրամիությունը չի ճանաչում վերջին ընտրությունների արդյուքներն ու սպառնում նոր պատժամիջոցներով, ապա Ռուսաստանն աջակցությունն է ցուցաբերում Լուկաշենկոյի վարչակարգին՝ նախօրեին հայտարարելով, որ ստեղծել է պահեստային ոստիկանական զորախումբ, որը, ինչպես նշել է Պուտինը, իրավիճակը վերահսկողությունից դուրս գալու պարագայում օգնության կհասնի Լուկաշենկոյին:
Facebook Forum