Բեռլինում հազարավոր մարդիկ շաբաթ օրը մասնակցել են կորոնավիրուսի պատճառով ուժի մեջ մտցված սահմանափակումների դեմ անցկացված բողոքի ցույցին:
Երկրում ուժի մեջ են մտցված դիմակներ կրելու եւ սոցիալական հեռավորություն պահպանելու կանոններ: Կեսօրին ոստիկանությունը պահանջել է դադարեցնել ցույցը այս կանոններն անտեսելու պատճառով:
Ցույցը հիմնականում անցել է խաղաղ, սակայն վերջում ոստիկանությունն իրականացրել է ձերբակալություններ: Ոստիկանություն է տարվել ավելի քան 200 մարդ։
Քաղաքի իշխանությունները փորձել էին արգելել ցույցն այն մտավախությամբ, որ դրա ընթացքում կարող են անտեսվել անվտանգության համար նախատեսված պայմանները, սակայն դատարանը մերժել է արգելելու մասին որոշումը:
Մայրաքաղաքում անցկացված ցույցին մասնակցել է 38 հազար մարդ:
Չնայած Գերմանիայում չի արձանագրվել կորոնավիրուսի այնպիսի նոր ալիք, ինչպես գրանցվել է եվրոպական մի շարք երկրներում, այս երկրում եւս վարակի աճ է նկատվում:
Ցույցի կազմակերպիչը Շտուտգարթից գործող Քուերդենքեն շարժումն է: Ֆեյսբուքում ավելի քան 16 հազար հետեւորդ ունեցող այս խմբավորման անդամները հաղորդակցվում են ‘’Թելեգրամ’’-ի կոդավորված գրառումներով:
Խմբավորումը պնդում է, որ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումները ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, որոնք իրենց են տրված Գերմանիայի սահմանադրությամբ:
Ցուցարարները ստանում են նաեւ Ռոբերտ Քենեդի կրտսերի աջակցությունը: Պատվաստանյութերի դեմ պայքարի ակտիվիստ Քենեդին ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության կողմից երկրի նախագահի նախկին թեկնածու, ներքին ահաբեկչության զոհ դարձած Ռոբերտ Քենեդիի որդին է ու նույն կերպ զոհված նախկին նախագահ Ջոն Քենեդիի զարմիկը: Նա իր մասնակցությունն է բերել Բեռլինի ցույցերին եւ հանդես եկել ելույթով:
Սակայն կորոնավիրուսի դեմ պայքարն ուժգնացնելու նպատակով երկրի կանցլեր Անգելա Մերքելը եւ երկրի դաշնային բոլոր 16 երկրամասերը դիմակ չկրելու դեպքում սահմանել են առնվազն 50 եվրոյի չափով տուգանք:
Մինչեւ հաջորդ տարի հետաձգվում են հասարակական բոլոր հանդիպումները: