Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփը մեկնում է ծովամրրկից տուժած նահանգներ


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը մեկնելու է Լուիզիանա եւ Թեքսաս նահանգներ, որոնք մեծապես տուժել են Լորա ծովամրրկից: Այստեղ ընդհատվել են էլեկտրասնուցումն ու ջրի մատակարարումները:

Չորրորդ կարգի ուժգնության ծովամրրկի արդյունքում 14 մարդ է մահացել հինգշաբթի օրը, որոնց մեծ մասը թունավորվել է էլեկտրասնուցման գեներատորների ոչ ճիշտ միացման արդյունքում ածխաթթու գազի արտանետումներից:

Նախագահը նախ կլինի Լուիզիանա նահանգի Լեյք Չարլզ քաղաքում, որի 80 բնակիչներ մեծապես են տուժել արհավիրքից: 220 հազար մարդ այստեղ մնացել է առանց ջրի: Քաղաքագլուխն էլ տեղեկացրել է, որ ջրազտիչ կայանները ներկա պահին ավերված են, իսկ էլեկտրասնուցման վերականգնման մասին դեռեւս որոշակի ոչինչ ասել հնարավոր չէ:

Թրամփը լինելու է նաեւ Թեքսասի 18 հազար ազգաբնակչություն ունեցող Օրինջ քաղաքում, որտեղ տնտեսությունը մեծապես կախված է քիմիական գործարաններից:

Ուրբաթ օրը Թրամփը Լուիզիանան հայտարարել է աղետի գոտի, ինչը թույլ կտա հատկացնել դաշնային բյուջեից համապատասխան գումար:

XS
SM
MD
LG